Այն ինչ տեղի է ունեցել եւ տեղի է ունենում, բոլորը ձեր աչքի առջեւ է. իսկ բոլորը համոզվա՞ծ են, որ եթե Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվի, նրա նկատմամբ վենդետա տեղի չի ունենա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպաններն ահազանգում են, որ նրա առողջական վիճակը շատ վատ է եւ նրա նկատմամբ վենդետա է իրականացվում:
«Այդ հարցով դիմեք դատական ու քննչական մարմիններին: Հիմա մարդիկ կան, որ գրավով ազատ են արձակվել, հետո կալանավորվել են: Դա իրավական գործընթաց է:
Եթե չեմ սխալվում, դատաբժշկական փորձաքննություն նշանակվել է եւ եզրակացություն եղել է: Թող դատարանն ու քննչական մարմինը որոշեն: Այս պահին իմ ձեռքի տակ չկա փաստ, որը վկայում է, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անհամատեղել է նրա կալանքի հետ»,-հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:











