Փորձելով բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով առաջ տանել գերիների փոխանակության «բոլորը բոլորի դիմաց» տարբերակը՝ Ադրբեջանի իշխանությունները որոշել են խաղալ հայ գերիների հարազատների զգացմունքների հետ, եւ, ինչու ոչ, իրենց նպատակների համար օգտագործել հենց գերիներին։ Մի քանի օր առաջ ադրբեջանական ԶԼՄ-ները աշխուժորեն հրապարակել էին իբր Ղարաբաղի քաղաքացի Արսեն Բաղդասարյանի նամակը Հայաստանի իշխանություններին։

Այսօր էլ հարցազրույց է հայտնվել։ Հետաքրքիր է, որ Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ գերիների վրա հասարակության ուշադրությունը գրավելը, հարցազրույցի եւ լուսանկարների հրապարակումն ընդհանրապես ողջունելի չէ։ Այսպես, haqqin.az գործակալությունը, վերատպելով հարցազրույցը, Արսեն Բաղդասարյանին համառորեն Արմեն է անվանում։

Հրապարակման աղբյուրը Ազեր Թաջ պետական գործակալությունն է։ Ներկայացնում ենք «զրույցի» ամբողջական տարբերակը․

- Ինչպես գիտեք, Ադրբեջանը հանդես է եկել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով ռազմագերիների եւ պատանդների ազատման նախաձեռնությամբ, սակայն Հայաստանի ղեկավարությունը ինչ-ինչ պատճառներով չի ուզում դա անել։ Ի՞նչ եք կարծում՝ ինչու Հայաստանը մարդասիության այդ սկզբունքը։

-Ես տեղյակ եմ, որ ադրբեջանական կողմը միջազգային կազմակերպությունների միջոցով պաշտոնական առաջարկություն է ուղարկել։ Այդ մասին ինձ տեղեկացրել են ադրբեջանական իրավասու մարմինները, սակայն, ցավոք, հայկական կողմն անտարբեր գտնվեց իմ ճակատագրի հանդեպ։ Կարող եմ մեջբերել ինձ հասցեագրված ծանուցումից մի հատված․ «Արսեն Էդուարդովիչ, մենք՝ ադրբեջանական կողմը, միջազգային կազմակերպությունների միջոցով պաշտոնական առաջարկ ենք ուղարկել Հայաստան, որպեսզի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով ազատենք ռազմագերիներին եւ պատանդներին։ Բայց, ցավոք, հայկական կողմը, որի բանակում Դուք ծառայել եք, անտարբերություն է ցուցաբերում Ձեր ճակատագրի հանդեպ»։ Եվ դա այն դեպքում, երբ ես իմ կյանքի երկուսուկես տարին տվել եմ ղարաբաղյան հողերի համար, որտեղ, ռազմական լեզվով ասած, ես ադրբեջանցիների համար «թշնամի», «հակառակորդ» էի, եւ ինձ ցանկացած պահի կարող էին սպանել

- Որքան մեզ է հայտնի, հայկական կողմը հետաքրքրվում է նաեւ մյուս գերիների ճակատագրով։ Օրինակ, Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, երկու անգամ այցելել է Կարեն Ղազարյանի ընտանիքին։ Ինչո՞ւ է ձե՛ր հանդեպ ցուցաբերվում այդ անտարբերությունը։

- Որովհետեւ մյուսները ծնվել են Հայաստանի տարածքում, իսկ ես՝ նախկին ԼՂԻՄ-ի մայրաքաղաք Ստեփանակերտում, այժմյան Խանքենդիում։ Հայաստանի համար ղարաբաղցիները ոչինչ են, մենք նրանց համար ղարաբաղցի «իշակներ» ենք։ Եթե Հայաստանը ասում է, որ ես այս հանրապետության քաղաքացին եմ, ապա հայկական կողմը պետք է դրական պատասխան տար Ադրբեջանի հարցմանը։

- Դուք արդեն բավական երկար ժամանակ է՝ այստեղ եք։ Ի՞նչը դարձավ այն վերջին կաթիլը, որ ստիպեց գրել Նիկոլ Փաշինյանին։

- Առաջին հերթին քաղաքական շատ հարմար մթնոլորտը։ 2016թ․ սկսած ադրբեջանական կողմը հանդես է գալիս «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով ռազմագերիներին եւ պատանդներին ազատագրելու նախաձեռնությամբ։ Այն ժամանակ իշխանության գլուխ Սերժ Սարգսյանն էր, ով «ղարաբաղյան կլանի» ղեկավարն էր։ Բանտն, ինչպես ասում են, սովորեցնում է համբերատարություն, եւ ես համբերատար սպասում էի։ Եւ հիմա, երբ Սերժ Սարգսյանին եւ նրա թիմին տապալեցին, ես որոշեցի դիմել իրավասու մարմիններին, որպեսզի նրանք նպաստեն, եւ այստեղ հրավիրեն ԶԼՄ-ների ներկայացուցիչների, որպեսզի ես կարողոնամ խնդրանքով դիմել Նիկոլ Փաշինյանին։ Եթե այդպես վերցնենք, ապա ադրբեջանական կողմը չպետք է հարցում կատարեր, քանի որ ես թշնամի եմ Ադրբեջանի համար, որի մասին ավելի քան 20 տարի ասում են, որ այդ երկիրն ագրեսոր է եւ մարդասիրություն չի ցուցաբերում։ Բայց իրականում ադրբեջանական կողմն իմ հանդեպ մարդասիրություն դրսեւորում է։ Իսկ որտե՞ղ է հայկական կողմի մարդասիրությունը։ Ո՞վ կարող է ինձ դա բացատրել։

- Ի՞նչ կուզեիք ԶԼՄ-ների միջոցով փոխանցել Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի այն սատարի ադրբեջանական կողմի նախաձեռնությունը։

- Ես կուզեի միայն փոխանցել, որ եթե Նիկոլ Փաշինյանը եւ նրա կինը՝ Աննա Հակոբյանը, իրոք հոգ են տանում իրենց ժողովրդի համար, ապա թող ազատեն Դիլգամ Ասկերովին, Շախբազ Գուլիեւին եւ զինվոր Էլնուր Հուսեյնզադեին, իսկ Ադրբեջանն, իր հերթին, ազատի մեզ, որպեսզի մենք կարողանանք հանդիպել հարազատների եւ մտերիմների հետ։ Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը երկրի իշխանություններից պետք է պահանջի համաձայնել ադրբեջանական կողմի նախաձեռնությանը։

- Հայաստանում ասում են, թե իբր ձեզ ստիպում են կարդալ թղթից։ Ի՞նչ կարող եք ասել այդ կապակցությամբ։

- Ես ամեն ինչ ինքս եմ ասում, ինձ ոչ ոք կտտանքների չի ենթարկել եւ չի ստիպել սա ասել։ Կարող եք նույնիսկ տեսախցիկը շրջել, որպեսզի երեւա, որ պատերին նախօրոք պատրաստված տեքստեր չկան։ Տեսնում եք՝ ես ամեն անգամ դեմքով շրջվում եմ դեպի ինձ հարց տվող լրագրողը, եւ նայում եմ ուղիղ նրա աչքերին, եւ ոչ միայն տեսախցիկին։ Ես թելադրելով ոչինչ չեմ ասում։

- Եւ վերջում, թող այս հարցը ձեզ ստանդարտ չթվա։ Ինչպե՞ս են ձեր գործերն այստեղ՝ կապված պայմանների հետ։ Կա՞ արդյոք որեւէ խնդրանք։

- Ես միայն մեկ խնդրանք ունեմ՝ օգնեք վերադառնալ տուն։ Բանտային պայմանների հետ կապված՝ կարող եմ ասել, որ որեւէ բողոք չունեմ։ Ինձ համար նույնիսկ պայմաններ են ստեղծել, որ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջոցով նամակագրությամբ շփվեմ հարազատներիս հետ։ Առողջական խնդիրներ եւս չունեմ։ Չորս տարվա ընթացքում, փառք աստծո, ոչ մի անգամ չեմ հիվանդացել։ Ճիշտ է՝ «մայրիկի ճաշերն» այստեղ չեն տալիս, բայց սննդի հետ կապված խնդիր էլ չկա։ Ես նույնիսկ մի քիչ գիրացել եմ։ Բացի այդ, ինձ թույլ են տալիս կարդալ եւ պատվիրել գրքեր։ Այս ընթացքում ես կարողացել եմ կատարելագործել ռուսերենն ու անգլերենը։ Ներկայում չինարեն եմ սովորում։