Այդ ընտրապայքարում ՀՀԿ–ին հաջողվեց դառնալ երկու կարեւոր քաղաքական ուժերից մեկը՝ այն սեւ ու սպիտակ իրականության մեջ, որ պարտադրվել է Հայաստանին։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 6–ին ասաց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը։
Ըստ Աշոտյանի՝ ՀՀԿ կարողացել է ընտրապայքարի ընթացքում պարտադրել իր քաղաքական մտահոգող օրակարգը, ինչը ակնհայտ է։ «Այս տեսակետից, անկախ նրանից, որ ՀՀԿ–ն եւ իր թեկնածուները հանդիպում են բազմաթիվ խոչընդոտների՝ անհավասար մրցակցային պայմաններ քաղաքական գովազդի համար, վարչական ռեսուրսի անխնա կիրառում իշխանությունների կողմից, ԿԸՀ–ի պասիվ վերաբերմունքը մեր կողմից ամեն օր բարձրաձայնվող խախտումների վերաբերյալ, այն ճնշումները, որոնք գործադրվում են տեղերում մեր թեկնածուների նկատմամբ, մեզ հաջողվում է մեր ասելիքը տեղ հասցնել։ Գոհունակությամբ պետք է նշեմ, որ այս երկու շաբաթվա ընթացքում մեզ հաջողվել է բացել հազարավոր մարդկանց աչքեր մեզ շրջապատող իրականության վրա»,– նշեց Աշոտյանը։
Նրա խոսքով՝ իրենց հաջողվել է կիսվել մտահոգություններով, հասցնել տեղ իրենց քաղաքական ուղերձները հազարավոր քաղաքացիներին. «Այդ քաղաքացիների մի զգալի մասը, գուցե, ձեզ համար տեսանելի չէ, քանի որ երկրում կա ատելության եւ վախի մթնոլորտ, անհանդուրժողականության եւ քաղաքական այլատյացության մթնոլորտ, որի հեղինակը եւ գլխավոր թողարկիչը, ցավոք, անձամբ Նիկոլ Փաշինյանն է։ Եթե ընտրարշավը լիներ մի քիչ ավելի երկար, վստահաբար կարող էինք փաստել, որ մտահոգ քաղաքացիների շարժումը կարող էր վերածվել լուրջ քաղաքական երեւույթի»։