News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Այսօր՝ երկրաշարժից 30 տարի անց, ցանկալի կլիներ խոսել երկրաշարժի հետեւանքների իսպառ վերացման մասին. եւ թեեւ շատ բան արվել է, սակայն բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով մեզ չի հաջողվել անել ամբողջը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

Հայտարարությունում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր ողջ հայ ժողովուրդը եւ շատ շատերն աշխարհում վերստին հիշում ու վշտակցություն են հայտնում 30 տարի առաջ Հայաստանին պատուհասած երկրաշարժի կապակցությամբ:

Անդառնալի կորուստը մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներն էին, ովքեր զոհ գնացին բնական արհավիրքին: Աղետի մասշտաբներն այնքան մեծ էին, որ բացված վերքը նույնիսկ այսօր սպիացած չէ եւ հիշեցնել է տալիս իր մասին գրեթե յուրաքանչյուր հայ ընտանիքում: Մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում ավերիչ երկրաշարժի բոլոր զոհերի հիշատակին, մեր զորակցությունն ենք հայտնում նրանց  հարազատներին եւ հույս հայտնում, որ անցած տարիների ընթացքում նոր ծնունդներով հնարավոր է եղել ինչ-որ կերպ ամոքել կորստի ցավը:

Աննկարագրելի մեծ էր նաեւ նյութական կորուստը: Հարյուր հազարավոր հայրենակիցներ վայրկյանների ընթացքում կորցրեցին այն ամենն, ինչը մի քանի սերունդների ջանքերով կառուցել էին քարը քարի վրա դնելով:

Սպիտակի երկրաշարժը պատուհասեց պատմական մի ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը կրկին մեկտեղվել էր ազգային ազատագրական պայքարի դրոշի ներքո: Եվ թվում էր, թե բնական արհավիրքն ի զորու է կոտրել մեր ոգին: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ կորստի ցավը ոչ միայն հետ չպահեց մեզ մեր ազգային իղձերից, այլ էլ ավելի համախմբեց: Համախմբեց եւ հնարավորություն տվեց միասնաբար հաղթահարել խորը վիշտը:

Մեր վշտի հետ մենք չմնացինք միայնակ: Հաշված ժամերի ընթացքում հայ ժողովրդի կողքին էին ոչ միայն ԽՍՀՄ կազմի մեջ մտնող միութենական հանրապետությունները, այլեւ ողջ միջազգային հանրությունը: Մարդասիրությունն ու բարեգործությունն այդ օրերին առատորեն թակեցին մեր դուռն ու իրենց ջերմությամբ եւ անկեղծությամբ ստիպեցին ոչ միայն ապավինել համայն մարդկության օգնությանն, այլեւ օգնեցին վերապրել: Եվ այսօր առիթ է կրկին անգամ մեր խորը երախտագիտությունը հայտնելու բոլոր այն անձանց, կազմակերպություններին ու պետություններին, որ այդ ողբերգության օրերին ու դրանից հետո մեր կողքին էին:

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր՝ երկրաշարժից 30 տարի անց, ցանկալի կլիներ խոսել երկրաշարժի հետեւանքների իսպառ վերացման մասին: Եվ թեեւ շատ բան արվել է, սակայն բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով մեզ չի հաջողվել անել ամբողջը: Միաժամանակ, սակայն, մեզ հաջողվել է ամենակարեւորը՝ դասեր քաղել:

Եվ վստահաբար կարող ենք պնդել, որ չնայած դժվարություններին, անցած երեք տասնամյակների ընթացքում մենք միասնաբար կարողացել ենք ստեղծել նախադրյալներ, որոնք կապահովեն բնական ու սոցիալական աղետները հաղթահարել առանց անդառնալի կորստի:

Աստված պահապան մեր ժողովրդին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ