News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մահացել է Ստրասբուրգում սուրբծննդյան տոնավաճառում հարձակման  տուժածներից եւս մեկը, հայտնում է «Գերմանական ալիքը»՝ վկայակոչելով Փարիզի դատախազության ներկայացուցիչներին:

Կիրակի՝ դեկտեմբերի 16-ին, ստացած վնասվածքներից մահացել է Լեհաստանի 36-ամյա քաղաքացին: Այսպիսով, ահաբեկչության զոհերի թիվը հասել է հինգի:

Բարտո Պեդրո Օրենտ-Նեձելսկին Ստրասբուրգում էր բնակվում մոտ 20 տարի: Ականատեսների վկայությամբ՝ դեկտեմբերի 11-ի երեկոյան, երբ տեղի է ունեցել հարձակումը, նա իր ընկերների հետ փորձել է ահաբեկչին խանգարել, երբ նա մտադրվել է մտնել գործող բար: Այդ պահին էլ Օրենտ-Նեձելսկին վիրավորվել է: Այնտեղ է վիրավորվել նաեւ Իտալիայի քաղաքացի Անտոնիո Մեգալիցին, որը մահացել էր դեկտեմբերի 14-ին:

Ֆրանսիայի արաբական ծագմամբ քաղաքացի 29-ամյա Շերիֆ Շեքաթը կրակ է բացել տոնավաճառի հաճախորդների վրա՝ սպանելով 3 եւ վիրավորելով 12 մարդու: Նա ինքն էլ վիրավորվել էր զինվորների հետ փոխհրաձգության ժամանակ, որոնք պարեկում էին քաղաքի փողոցներում, բայց կարողացել է տաքսի ավտոմեքենա առեւանգել եւ փախչել: Նրա հետախուզմանը ներգրավված էին ավելի քան 700 զինվորներ եւ ոստիկաններ:

Ենթադրում էին, թե հանցագործը քաղաքից հեռացել է եւ անգամ Գերմանիա է տեղափոխվել, բայց դեկտեմբերի 13-ին Ստրասբուրգում, Նեյդորֆ շրջանի Լազարեթ փողոցում դանակով եւ ատրճանակով զինված Շեքաթը հարձակվել է ոստիկանների վրա եւ գնդակահարվել պատասխան կրակոցով:

Նա նախկինում արդեն ոստիկանների կողմից կասկածվում էր ու 27 անգամ պատասխանատվության է ենթարկվել Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Շվեյցարիայում կատարած տարբեր իրավախախտումների համար: 2017 թվականին Գերմանիան Շեքաթին Ֆրանսիա էր արտաքսել:

Ահաբեկչական հարձակման հանգամանքների քննությունը շարունակվում է, ոստիկանությունը հարցաքննել է Շեքաթի ազգականներին եւ հանցակցության մեջ մի քանի կասկածվողների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ