News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի եւ քաղաքապետարանի ենթակայության բոլոր կազմակերպությունների հաստիքացուցակները պետք է վերանայվեն. աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է Երեւանի քաղաքապետը: Հայկ Մարությանը նշել է, որ ոլորտ առ ոլորտ անհրաժեշտ է լիարժեք պատկեր ունենալ աշխատակիցների անվանացանկի ու զբաղեցրած պաշտոնների վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա բացահայտելու ու բացառելու բոլոր այն դեպքերը, երբ որոշ կառույցներում գրանցված են մարդիկ, որոնք չեն էլ հաճախում աշխատանքի: 

Քաղաքապետին զեկուցել են, որ արդեն իսկ մեկ տասնյակից ավելի կազմակերպություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել: Մասնավորապես, պարզվել է, որ մայրաքաղաքում կա դպրոց, որն ունի ինը փոխտնօրեն: Մեկ այլ դպրոցում փոխտնօրենը նաեւ բանվոր է եւ կաթսայատան պատասխանատու: Որոշ կազմակերպություններում էլ գրանցված հաստիքներից զբաղեցված է միայն դրանց կեսը, իսկ մնացած հաստիքների գումարը բաշխված է մյուս աշխատակիցների միջեւ:

«Այսուհետ այս պրակտիկան ավարտվում է: Անուն առ անուն, կոնկրետ ով ինչով է զբաղված՝ ստուգվում է: Ես ձեզ վստահեցնում եմ, հենց սկսեք ստուգել, միանգամից կբացահայտվեն այն հաստիքներն ու անձնավորությունները, որոնք ուղղակի չեն գալիս աշխատանքի: Ակնկալում եմ այստեղ շատ կոնկրետ աշխատանք: Բնականաբար այս գործընթացը ծավալուն է լինելու, բայց պետք է սա անել, որպեսզի եկող տարի մեր այդ բոլոր կազմակերպություններն ավելի լավ աշխատեն: Մենք պետք է բոլոր այն բացակա հաստիքները, որոնք ուղղակի գրված են, եւ պետությունը գումար է վճարում դրանց  համար, լրացնենք: Համոզված եմ, որ այս պարագայում մյուս տարի բոլոր այս կազմակերպություններն ավելի լավ աշխատանք ցույց կտան»,-ընդգծել է Հայկ Մարությանը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ