News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.4
EUR
526.81
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները 2018թ. փետրվարին ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ այցելության ժամանակ արձանագրել են, որ մեկ տարի առաջ փակվել է «Աբովյան» ՔԿՀ-ի կրթական կենտրոնը:

ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբից NEWS.am-ին հայտնում են, որ քրեակատարողական հիմնարկում կային 5 անչափահասներ՝ 8-րդ եւ 9-րդ դասարանի կրթությամբ: Արդյունքում անչափահաս դատապարտյալները զրկվել են կրթվելու հնարավորությունից։

Դիտորդները գտնում են, որ պետությունը չի կատարում իր պարտավորությունը ազատազրկման մեջ գտնվող անչափահասների նկատմամբ՝ կրթության իրավունքի ապահովման տեսակետից։

Կրթական կենտրոնի առկայությունը կարեւոր է նաեւ կանանց համար, որոնք հաճախ հայտնվում են անբարենպաստ վիճակում՝ անհրաժեշտ կրթություն ու հմտություններ չունենալու պատճառով: Բացի այդ, կրթության առկայությունը մեծապես նպաստում է անձի ուղղվելուն։

Վերոգրյալի հիման վրա 2018թ. փետրվարի 7-ին թիվ 18-13 գրությամբ ՀՀ արդարադատության նախարարությանն առաջարկել է քայլեր ձեռնարկել «Աբովյան» ՔԿՀ-ի կրթական կենտրոնի վերաբացման ուղղությամբ:

2018թ. փետրվարի 23-ին պատասխան գրությամբ նախարարությունից հայտնել են, որ ներկայումս ՀՀ արդարադատության նախարարության եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության միջեւ ընթանում են քննարկումներ կալանավորված անձանց եւ դատապարտյալների՝ այդ թվում նաեւ անչափահաս եւ կին դատապարտյալների կրթության իրավունքի ապահովման եւ արդյունավետ իրացման խնդրի լուծման նպատակով:

Միաժամանակ, ազատազրկված անձանց կրթության իրավունքի ապահովման եւ իրացման հարցով ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանն է ներկայացվել համապատասխան վիճակագրություն կալանավորված անձանց եւ դատապարտյալների՝ այդ թվում նաեւ անչափահասների կրթության հանրակրթական մակարդակի (հիմնական, միջնակարգ), նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության որակավորման աստիճանի, նախընտրելի վերապատաստման կարճաժամկետ ծրագրերի եւ կրթական մակարդակի ուսումնառություն անցնելու պահանջների վերաբերյալ՝ առաջարկ ներկայացնլու նպատակով:

Նաեւ նշել են, որ 2018թ. հունվարի 11-ին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018թ. գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի հավելված 2-ի ՀՀ կառավարության 2018թ. գերակա խնդիրների շարքում ներառված է նաեւ անչափահաս դատապարտյալների հանրակրթության իրավունքի ապահովումը:

Դիտորդների խումբը 2018թ. դեկտեմբերի 5-ին թիվ 18-93 գրությամբ կրկին դիմել է արդարադատության նախարարությանը՝ խնդրելով տեղեկացնել, թե ներկա դրությամբ անչափահաս դատապարտյալների հանրակրթության իրավունքը ինչպե՞ս է իրականացվում:

2018թ. դեկտեմբերի 13-ին նախարարությունից տեղեկացրել են, որ «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ կրթության եւ գիտության նախախարի 2018թ. մարտի 21-ի թիվ 205-Ա/2 եւ 251-Ա/2 հրամաններով ստացել է հանրակրթական ծրագրերով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիաներ:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2018թ. հոկտեմբերի 19-ի թիվ 1398-Ա/2 հրամանով հաստատվել են «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից մշակված ազատազրման ձեւով պատիժ կրող եւ/կամ կալանավորված անձանց հանրակրթական հատուկ հաստատության ուսումնական պլանները (այլընտրանքային/հեղինակային/կրթական ծրագիր): 

Վերոգրյալի համատեքստում «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը դիմել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն՝ անհրաժեշտ ֆինանսավորումը ստանալու նպատակով: 

Անհրաժեշտ ֆինանսավրումը հատկացվելուց հետո ՊՈԱԿ-ը 2019 թ.-ից կիրականացնի ազատազրկման ձեւով պատիժ կրող եւ/կամ կալանավորված անձանց հանրակրթությունը: 

Տպել