Հարյուրավոր ղազախներ մասնակցում են բողոքի ակցիային, որն անցնում է Կարագանդայում այսօր՝ հունվարի 6-ին՝ «Դրեվնի Րիմ» ռեստորանի մոտ 23-ամյա ղազախի սպանությունից հետո: Համապատասխան տեսանյութը հայտնվել է Youtube-ի ԲԱՍԵ (БАСЕ) ալիքում:

Սպանության մեջ կասկածվում են տեղի հայկական համայնքի երեք ներկայացուցիչներ:

Այնտեղ, որտեղ հավաքվել են քաղաքացիները, կենտրոնացած են հատուկ նշանակության զորքեր, տանիքներին կանգնած են դիպուկահարներ:

Youtube-ի ԲԱՍԵ (БАСЕ) ալիքի տեսանյութում հաղորդվում է, որ Կարագանդայում ռեստորանի մոտ տեղի ունեցած սպանության հաջորդ օրը սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որում հարյուրավոր ղազախներ իրենց վրդովմունքն են հայտնում ռւ մեղադրում են կատարվածի մեջ Ղազախստանի հայկական համայնքի ներկայացուցիչներին:

ԲԱՍԵ-ի (БАСЕ) կադրերում պարզ երռւում է՝ ինչպես են ոստիկանները շրջափակել քաղաքի փողոցները:

Ավելի վաղ NUR.KZ գործակալությունը հայտնել էր, ոստիկանության աշխատակիցների կողմից անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ ձերբակալվել են երեք տղամարդ՝ Մալխասյան Թորգոմ Մանվելին, Մալխասյան Սոխակ Սամվելին եւ Նադիրբեկով Քաիր Խամիտովիչը: Ձերբակալվածները լուրջ հանցագործություն կատարելու մեջ կասկածյալներ են ճանաչվել: Կարագանդա քաղաքի դատարանով նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նաեւ Կարագանդայի մարզի ոստիկանական դեպարտամենտի աշխատակիցների կողմից Գուրուրյան Նարեկի նկատմամբ հետախուզում է  հայտարարվել, հաղորդել են գերատեսչությունում:

Ավելի վաղ այս կապակցությամբ Ղազախստանում Հայաստանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ, որում իր ցավակցություններն է հայտնել սպանվածի հարազատներին ու մտերիմներին:

«Ղազախստանը բազմազգ պետություն է, որտեղ ավանդաբար իշխում են միջմշակութային համերաշխությունը եւ բացառիկ հանդուրժողականությունն էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ:

Հուսով ենք, որ զանգվածային լրատվամիջոցները կհենվեն պաշտոնական աղբյուրների վրա եւ չեն տարածի սոցիալական ցանցերում չճշտված տեղեկատվություն, որը կարող է դառնալ հասարակական կարծիքի մանիպուլյացիայի աղբյուր եւ այս ողբերգությանը հաղորդել ազգամիջյան հիմքի վրա հակամարտության երանգ», - ասված է դեսպանատան հայտարարության մեջ: