News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 10-ի նիստում հաստատել է «Տասնութ տարին լրացած որդեգրված անձին իր որդեգրման փաստի, ծննդավայրի եւ ժամանակի, ինչպես նաեւ իր կենսաբանական ծնողների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը: Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հարցը ներկայացրեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: Նա նշեց, որ այս նախագիծը թույլ է տալիս, որ որդեգրված անձը 18 տարին լրանալուց հետո իրավունք ունի իմանալու իր կենսաբանական ծնողների վերաբերյալ տվյալներ: «Այս փոփոխությունը կատարվել է ի ապահովումն անձնական կյանքի հարգանքի իրավունքի: Մինչեւ հիմա դա չի եղել»,-ասաց նա՝ հավելելով, որ նման իրավունք ունեն նաեւ կենսաբանական ծնողները եւ նրանք իրավունք ունեն գաղտնի մնալ: «Եթե կենսաբանական ծնողները չեն տալիս իրենց համաձայնությունը, ապա որդեգրված անձն իրավունք ունի ստանալու գոնե այնպիսի տեղեկություններ, որոնք բավարար են, բայց նույնականացման հնարավորություն չեն տալիս»,-ընդգծեց Զեյնալյանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նման որոշման ընդունումը նպատակ է հետապնդում ապահովել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 128-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ընթացակարգը, մասնավորապես՝ կանոնակարգել 18 տարին լրացած անձին պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերջինիս որդեգրման փաստի, ծննդավայրի, ծննդյան ժամանակի, կենսաբանական ծնողների անձնական տվյալների տրամադրման  գործընթացը:

Մասնավորապես, ՀՀ օրենսդրությամբ, որդեգրված չափահաս անձը իրավունք ունի իր որդեգրման մասին տեղեկություններ ստանալ միայն որդեգրողի մահվան դեպքում, իսկ որդեգրողի համաձայնության բացակայության դեպքում միայն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:

Վերը նշված դրույթը պաշտպանում էր որդեգրողների շահերը՝ միաժամանակ անտեսելով թե որդեգրվածի եւ թե կենսաբանական ծնողների շահերը: Փորձը ցույց է տալիս, որ որդեգրվածը ցանկություն է հայտնում տեղեկություններ ստանալ իր կենսաբանական ծնողների մասին:

Ըստ նախագծի՝ պետական, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների՝ ի դեմս ՔԱԿԳ մարմինների, կողմից 18 տարին լրացած որդեգրված անձանց՝ վերջիններիս կողմից ներկայացված դիմումի հիման վրա, տրամադրվելու են տեղեկանքներ իրենց որդեգրման փաստի, որը ներառում է որդեգրվածի՝ մինչեւ որդեգրումը անվան, հայրանվան, ազգանվան, ծննդյան ժամանակի, ծննդյան վայրի, ինչպես նաեւ իրենց կենսաբանական ծնողների անձնական տվյալների մասին, այդ թվում՝ ազգության, արյան խմբի, հիվանդությունների մասին տեղեկատվություններ:

Կենսաբանական ծնողների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունները տրամադրվելու են միայն ծնողների՝ իրենց տվյալները որդեգրված երեխային տրամադրելու համաձայնության առկայության դեպքում:

Որդեգրվածը կարող է ցանկություն հայտնել ծանոթանալ միայն ծնողների հիվանդությունների, ազգության, քաղաքացիության եւ այլ տեղեկություններին՝ առանց նրանց նույնականացման: Վերը նշված կարգավորումները, մասնավորապես՝ դիմումի քննարկման, տեղեկանքները լրացնելու եւ տրամադրելու գործընթացները, տեղեկանքների տրամադրման ժամկետները, ձեւերը, տեղեկատվության հավաքագրելու ընթացակարգերը սահմանվում են նախագծով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ