News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Որեւէ խմբակցություն՝ անկախ մեծությունից եւ թվից, չի կարող եւ չպետք է երկրի քաղաքական թիվ մեկ դահլիճում խմբակցության նիստ գումարել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Լրատվամիջոցներից տեղեկացա, որ քաղաքական մեծամասնությունը երեկ խորհրդարանում խմբակցության նիստ է անցկացրել։ Կարելի է ենթադրել, որ մեր նորընտիր գործընկերները մեծ դահլիճ են փնտրել եւ այս անգամ կանգ են առել ԱԺ դահլիճի վրա։

Հիշեցման կարգով միայն՝ ԱԺ դահլիճը նախատեսված է բացառապես Ազգային ժողովի նիստերի եւ ԱԺ լսումների համար։ Որեւէ խմբակցություն՝ անկախ մեծությունից եւ թվից, չի կարող եւ չպետք է երկրի քաղաքական թիվ մեկ դահլիճում խմբակցության նիստ գումարի։

Երկրորդ մտահոգությունս առնչվում է ավելի հիմնարար խնդրի. մեր գործընկեր՝ «Իմ քայլը» դաշինքի խմբակցության նիստն արդեն որերորդ անգամ տեղի է ունեցել գործադիր իշխանության ղեկավարի առաջնորդությամբ։ Երեկվա նիստն էլ ընթացել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Հիշեցման կարգով միայն՝ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ օրենսդիր եւ գործադիր իշխանությունները տարանջատված են, իսկ ձեր քայլերով, հարգելի քաղաքական մեծամասնություն կազմող պատգամավորներ, դուք տարրալուծվում, միախառնվում եւ միաձուլվում եք գործադիր իշխանության հետ... Սա լուրջ եւ մտահոգիչ հարց է։

Հորդորում եմ հարգանքով վերաբերվել ՀՀ մայր օրենք Սահմանադրությանը։ ՀՀ Սահմանադրության հոդված 4. Իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման սկզբունքը. Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ