Երեքշաբթի Իրանն իրականացրել է արբանյակի անհաջող արձակում, որը չի կարողացել դուրս գալ հանձնարարված ուղեծիր, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ հայտնում է իրանական հեռուստատեսությունը:
Իրանի հեռահաղորդակցության հարցերով նախարար Մոհամմադ Ջավադ Ազարիի խոսքով՝ անհաջողությունը կապված է հրթիռակրի երրորդ աստիճանի խնդրի հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Փայամ է Ամիրքաբիր» արբանյակը, որն արտադրել են Թեհրանի Ամիրքաբիր տեխնոլոգիական համալսարանի մասնագետները, պետք է ծառայեր որպես տիեզերական աստղադիտարան:
Նախատեսվում էր, որ այս արբանյակը Իրանի տարածքի պատկերները փոխանցելու էր 3 սպեկտրով եւ անցկացնելու էր տիեզերքում ռադիոճառագայթման չափումներ: