News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կոնգոյի ժողովրդավարական հանրապետության Սահմանադրական դատարանը կիրակի՝ հունվարի 20-ին, մերժել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Մարտին Ֆայուլուի բողոքը նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Ինչպես ասվում է դատարանի հայտարարության մեջ, նախագահի թեկնածուն չի ներկայացրել ապացույցներ, որ ընտրությունների հայտարարված արդյունքները չեն համապատասխանում իրականությանը, հաղորդում է DW-ն:

Դատարանը մերժել է նաեւ ձայների վերահաշվարկի մասին միջնորդությունը: Ի պատասխան այդ որոշման՝ Ֆայուլուն իրեն հռչակել է որպես «միակ օրինական նախագահ» եւ կոչ է արել Կոնգոյի բնակիչներին դուրս գալ փողոց իր մրցակցի դեմ բողոքի ցույցի:

Ավելի վաղ երկրի ԿԸՀ-ն անսպասելիորեն հաղթող է հայտարարել ընդդիմադիր մյուս թեկածու Ֆելիքս Չիսեկեդիին, որը երկար տարիների ընթացքում Կոնգոյում «Հանուն ժողովրդավարության եւ սոցիալական առաջընթացի» ընդդիմադիր կուսակցության ղեկավար հանգուցյալ Էթյեն Չիսեքեդիի որդին է:

Ընտրությունների արդյունքները մի շարք հարցեր են առաջացրել ինչպես Կոնգոյում, այնպես էլ միջազգային հանրության շրջանում: Մի շարք միջազգային ԶԼՄ-ներ հաղորդել են քվեարկության ոչ պաշտոնական տվյալների մասին, որոնց համաձայն Ֆայուլուն հաղթել է 2018 թվականի դեկտեմբերի 30-ի ընտրություններում: Ազդեցիկ կաթոլիկ եկեղեցին սատարել է պնդումը, որ Չիսեկեդին չի հաղթել ընտրություններում, իսկ Աֆրիկյան միությունը կոչ է արել հետաձգել վերջնական արդյունքների մասին հայտարարությունը:

Համաձայն պաշտոնական տվյալների՝ ընդդիմադիր Ֆելիքս Չիսեկեդիի օգտին քվեարկել է ընտրողների 38,57 տոկոսը: Երկրորդ տեղում է Մարտին Ֆայուլուն՝ ձայների 34,8 տոկոսով: Կոնգոյի նախկին ղեկավար Ժոզեֆ Քաբիլի հովանավորյալը՝ Ներքին գործերի նախկին նախարար Ռամազանի Շադարին զբաղեցրել է երրորդ տեղը՝ ստանալով ձայների 23,8 տոկոսը: Ֆայուլուն քվերակության արդյունքներն անվանել է «ընտրական պուտչ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ