News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Կառավարությունն, այսօր՝ փետրվարի 15-ի իր նիստում հավանություն տվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, որը ներկայացրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Այն ներկայացրեց Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր-Գրիգորյանը:

Նշենք, որ փոփոխությունների արդյունքում օրենքի գործողությունը երկարաձգվում է եւս մեկ տարով, ինչը հնարավորություն կտա 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը եւ, վերադառնալով հայրենիք՝ ազատվել քրեական հետապնդումից:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի խոսքով՝ հերթական նման փոփոխությունը խնդիրը չի լուծում եւ պետք է վերջնական որոշում կայացվի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե դա ամրագրվի, որ մշտապես գործում է նման հնարավորություն, երեիտասարդները կմտածեն, որ կարող են խուսափել բանակից, հետո գալ վճարել ու հարցը փակել:

Փաշինյանը նշեց, որ Հայաստանում հետախուզվողների 80-90%-ը զինծառայությունից խուսափելու համար հետախուզվողներն են, ինչն ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ. «Շատերը դեռ զորակոչային տարիքի չհասնելն են արտագաղթել եւ արտերկրում են բնակվում, ինչը նրանց չի ազատում ծառայությունից: մենք չենք կարող ասել, որ միշտ այս օրենքը լինելու է»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո պետք է հասկանալ այդ օրենքի արձագանքը, եւ ըստ այդմ կորոշվեն հետագա անելիքները. «Եթե սա չի խթանելու ներգաղթին շոշափելի ծավալներով, այդ թվում՝ ՊՆ եկամուտների վրա էական ազդեցություն չի ունենալու, շատ թվով մարդիկ են դրանից օգտվում, մանավանդ մեր այսօրվա ընկալումների հետ այս օրենքն այդքան էլ չի համապատասխանում, թե ինչպիսին պետք է լինի պետություն եւ քաղաքացու հարաբերությունները: Այսինքն՝ սա մի միջանկյալ գործողություն է, եւ տարվա արդյունքներով կհասկանանք, թե ինչ պետք է անենք հետագայում: Եթե սա կդառնա իսկապես ներգաղթը խթանող կոնկրետ գործիք, իմաստ կունենա դրա մասին մտածել եւ շարունակել, եթե էդպես չի լինի, ես էլ համաձայն եմ, որ անընդհատ երկարացնելը որեւէ իմաստ չունի»:

Բ. Տեր-Գրիգորյանը նշեց, որ այս օրենքի գործողությունն արդեն 9-րդ անգամ է երկարացվում, եւ ակնհայտ է, որ այլ լուծում է պետք:

Վարչապետը նշեց, որ պաշտպանության նախարարի հետ եւս քննարկել են խնդիրը, կան մի քանի գաղափարներ. «Էնպես չի, որ կա ակնհայտ լավ գաղափար, որ բոլոր հարցերի պատասխանները տալիս է, որովհետեւ հարցը շատ բազմակողմ է: Այնպես որ, համաձայն եմ, որ պետք է մտածել ինչ-որ ամբողջական եւ ինստիտուցիոնալ դիրքորոշում, որը տեւական կլինի եւ անընդհատ այսպիսի խաղի տպավորություն չթողնի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ