News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աղմուկը Փարիզի, Հռոմի եւ Լոնդոնի բնակիչների առողջության վրա ավելի քիչ է անդրադառնում, քամ եվրոպական մյուս մայրաքաղաքների բնակիչների առողջության վրա: Այս մասին նշված է Շրջակա միջավայրի պահպանության եվրոպական գործակալության (EEA) զեկույցում, որը նվիրված է Եվրոպացիների առողջության վրա արտաքին միջավայրի ազդեցությանը, փոխանցում է «Եվրապուլսը»: 

Զեկույցում հաշվարկված է, թե քաղաքների բնակիչները առողջ կյանքի քանի տարի են կորցնում աղմուկի առաջացրած խնդիրների պատճառով: Այդպիսի խնդիրների թվում են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները, անքնությունը եւ սթրեսի բարձր մակարդակը:

Կոնկրետ քաղաքում խնդիրների աստիճանը գնահատելու համար մասնագետներն ամբողջացրել են 100 հազար բնակչի շրջանում աղմուկի առաջացրած հիվանդությունների երկարատեւությունը: Պարզվել է, որ աղմուկը Փարիզի բնակիչներից յուրաքանչյուր 100 հազարի համար ավելացնում է հիվանդության լրացուցիչ 20 տարի, Հռոմում՝ 30, Լոնդոնում՝ 35: Աղմուկի պատճառով առողջության ավելի շատ կորուստ են ունենում Սոֆիայի բնակիչները (ընդհանուր 610 տարի 100 հազար բնակչին):

Առողջության վրա աղմուկի ազդեցությունը մշտապես ուղղակիորեն կախված է քաղաքում աղմուկի օբյեկտիվ մակարդակից: Այսպես՝ նախկինում կատարված հետազոտության համաձայն՝ ԵՄ-ում ամենաանաղմուկ քաղաքը Վիեննան է, սակայն նրա բնակիչները, միեւնույն է, աղմուկից ավելի շատ են տառապում, քանի փարիզաբնակները (յուրաքանչյուր 100 հազար բնակչին հիվանդության 85 տարի): Սա կապված է աղմուկի աղբյուրի տեղակայման հետ. մարդը որքան երկար է մնում դրա անընդհատ ազդեցության տակ, այնքան մեծ է այն հավանականությունը, որ դա կանդրադառնա նրա ինքնազգացողության վրա: Ռիսկի գոտու մեջ են մտնում, օրինակ, գրասենյակների աշխատակիցները, որոնք մոտ են կառուցապատումներին, աղմկոտ մայրուղիներին կամ ձեռնարկություններին, նույնիսկ եթե այս աղբյուրները քաղաքում փոքրաթիվ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ