News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Սիսիանցի 16-ամյա պատանին` Տիգրան Թովմասյանը, ինքնուրույն մեքենա է հավաքել: Անունն էլ դրել է Хищник:

NEWS.am-ի հետ զրույցում 16-ամյա պատանին պատմում է, որ սկզբում 4-ականի հեծանիվ է հավաքել, բայց հասկացել է, որ դա շատ մանկական է եւ ավելի լուրջ գործ է նախաձեռնել: Ոչ ավել, ոչ պակաս 16-ամյա պատանին նախագծել եւ մեքենա է հավաքել:

«Մեքենայի կմախքն ունեինք, իսկ մասերը այստեղից-այնտեղից էի ճարում․ մոտ 3 ամսում հավաքեցի մեքենան: Նպատակ ունեմ ավելի մեծ մեքենա հավաքել, արտաճանապարհային մեքենա, հաջորդի անունն էլ «Մոնսթր» է լինելու»,- պատմում է 16-ամյա պատանին:

Տիգրանը մեքենան առաջին անգամ իրենց բակում է փորձարկել, հիշում է`շատ հպարտ էր այդ օրը. «Մեծ հպարտությամբ էի վարում, հիմնականում ընկերներիս հետ եմ վարում, բայց տանից շատ հեռու չեմ գնում, քանի որ այդքան էլ լավ չեմ վարում: Ավելի շատ սիրում եմ դրիֆտ անել, սարեր ձորերում քշել»:

Մեքենաներով Տիգրանը սկսել է հետաքրքրվել շատ փոքրուց, փոքր ժամանակ երբ մեքենա էր նվեր ստանում, ոչ թե խաղում էր, այլ քանդում էր` տեսնելու, թե ինչից է պատրաստված մեքենան:

Տիգրանը իր ձեռքբերածով չի սահմանափակվելու: Մտածում է մեքենան կատարելագործել՝ հարմարեցնել ռազմական պայմաններին: Պատմում է` հատուկ սարք է ստեղծել, որ տանից մեքենան սարքի կգցի, սակայն սարքը դեռ չի փորձարկել. «Պետք է ներկեմ, դեռ կիսատ է, զինվորական տեսքի եմ ուզում բերեմ, ռազմական պայամանների համար: Կարող ա պետք գա էլի մի օր, հիմա մենք նենց երկրիր ենք, որ ռազմական պայամներում կարող է օգտագործվի»:

Տիգրանը «Արմաթ» ինժիներական լաբորատորիայի սան է, նաեւ անօդաչու սարք է հավաքել: Պատմում է, որ նոր անօդաչու սարք են նախագծում, որը 400 մետր երկինք է բարձրանալու:

«Անօդաչուն պատրաստում ենք ռազմական պայմաններում օգտագործելու համար»,- պատմում է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ