News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մշակույթի նախարարությունը, փակուղային իրավիճակում հայտնվելով, սկսել է տարբեր այլ հիմնավորումներ գտնել, բայց փաստը դրանից չի փոխվում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց հացադուլի մեջ գտնվող ռեժիսոր Հովհաննես Գալստյանը։  Ռեժիսորը բացարձակ անհեթեթություն որակեց նախարարության հայտարարության այն մասը, որում, մասնավորապես, ասված է. «Հաշվի առնելով այն փակուղային իրավիճակը, որում հայտնվել է ֆիլմարտադրողն ինչպես իր խնդրահարույց գործունեության, այնպես էլ՝ համակարգի թերությունների հետեւանքով, բացառության կարգով հնարավոր ենք համարում նախագծի մասնակցությունը 2019 թ. մրցությում՝ մյուս բոլոր մասնակիցների հետ հավասար պայմաններում, կամ հետագա խախտումներից խուսափելու համար ձեւավորել իրավաբաններից եւ ոլորտի մասնագետներից կազմված առանձին հանձնաժողով, որը կուսումնասիրի եւ լուծումներ կառաջարկի՝ «Տատիկիս վարսերը» ֆիլմի խնդիրներին»:

Հովհաննես Գալստյանը շեշտեց՝ նախարարության տրամաբանությամբ՝ ստացվում է, որ դուք կարող եք քրեական հանցագործ լինել, դուք կարող եք կոռուպցիայի մեջ թաթախված լինել, դուք կարող եք պետության փողը վատնած լինել, բայց ներողամտաբար ասում են մի անգամ էլ մասնակցեք. «Սա ինքն իրեն հակասելու նախարարության հերթական դրսեւորումն է։ Եթե վստահ էիք, որ ես սխալներ ունեի, բայց ուզում էիք շանս տաք, ինչի նախորդ հանձնաժողովը չի արել դա, եթե նախորդ հանձնաժողովը մերժել է, ինչու նոր հանձնաժողովը չպետք է մերժի, սա իրավական անգրագիտության կծիկ է»։

Մշակույթի նախարարության հայտարարության այն մասը, որում նշված է, թե «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման հայտը մերժվել է կինոյի ոլորտում նախկինում առկա արատավոր մոտեցումների պատճառով, ռեժիսորը վստահեցրեց, որ չի համապատասխանում իրականությանը. «Մենք ունենք մերժման թուղթը, որտեղ շատ հստակ ներկայացված է, որ մերժվել է նախկինում չկատարած պարտավորության համար, իսկ միջգերատեսչական հանձնաժողովն ընդունել է, որ կանոնակարգի այդ կետն օրենքի հետադարձ ուժ չունի, ուստի մեր հայտը չէր կարող մերժվել այս հիմնավորմամբ»։

Ռեժիսորը նշեց՝ Մշակույթի նախարարությունը, փակուղային իրավիճակում հայտնվելով, սկսել է տարբեր այլ հիմնավորումներ գտնել, բայց փաստը դրանից չի փոխվում. «Նազենի Ղարիբյանի ղեկավարությամբ ֆիլմերի ֆինանսավորման հանձնաժողովը մերժել է շարունակվող ֆիլմի հայտը՝ ապօրինաբար հղում անելով մի կետի, որի վրա իրավունք չուներ հղում անել»։

Ռեժիսորի փաստաբանն էլ հավելեց, որ մերժման հիմքում դրված է միայն մեկ պատճառ, ուստի նախարարության մյուս պատճառաբանությունները իրավաբանական ուժ չունեն։

«Թողություն» ֆիլմի վերաբերյալ հայտարարության այն մասը, թե պետական գումարներն անպատիժ վատնվել է, Հովհաննես Գալստյանը նշեց, որ ֆիլմի նկարահանումներն ընդհատվել են, երբ կյանքից հեռացել են գլխավոր դերակատար Կարեն Ջանիբեկյանը, բուլղարացի պրոդյուսեր Ժելիո Ժելիեւը, առողջական խնդիրների պատճառով հեռացել է ֆրանսիացի պրոդյուսեր Լյուկ նը Տոնգան. «Դրանից հետո մենք ժամանակավորապես կոնսերվացրել ենք արտադրությունը, որպեսզի համարտադրողներ եւ դերակատար գտնենք։ «Թողություն» ֆիլմի միջոցները ոչ թե մսխվել են, այլ նկարահանումները ժամանակավորապես սառեցվել են»։ Ռեժիսորը հավելեց, որ ֆիլմը կավարտվի, երբ պետությունը կատարի «Տատիկիս վարսերը» ֆիլմի մասով իր պարտավորությունները։

 Նա նաեւ ասաց, որ հայտարարվող 15-20 րոպե նյութի Ազգային կինոկենտրոն է ներկայացվել 76 րոպե նկարահանված նյութ, իրենց մոտ կա 21 րոպե նկարահանված նյութ, եւ եւս կես ժամ բալետի փորձերի նկարահանումներ, եւ խոսքը 120 րոպե նկարահանված նյութի մասին է։

««Թողություն» ֆիլմի բոլոր շահարկումներն անհիմն են, թող գնան ուսումնասիրեն Ազգային կինոկենտրոնի հաշվապահությունը եւ եթե որեւէ խախտում կգտնեն, թող դատարան դիմեն»,–նշեց Հովհաննես Գալստյանը։

Նա հերքեց նաեւ այն պնդումը, թե փաստաթղթերի ամբողջ փաթեթն իրենք չունեն։

Հացադուլ հայտարարած ռեժիսորը անդրադարձավ նաեւ այն մեղադրանքին, թե եթե ինքը դատարան է դիմել, ինչու է հացադուլ անում. «Հարգելիսներս առաջին դատական նիստը հետաձգել եք, իսկ նախարարությունը լուծարվում է, նրանք որդեգրել են ձգձգելու քաղաքականություն»։

Նա եզրափակեց՝ Մշակույթի նախարարությունը վնաս է հասցրել իր գործարար համբավին։

Մշակույթի նախարարությունը՝ Հովհաննես Գալստյանի «Տատիկիս վարսերը» ֆիլմի շուրջ ծագած խնդիրների մասին

Տպել
Ամենաշատ