Հոկտեմբերի 27–ի գործն իրավական առումով ավարտված է, և այդ դատական ակտը կարող է վերանայվել բացառապես նոր երևան եկած հանգամանքների արդյունքում։ Այս մասին այսօր՝ մարտի 5–ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հավանական համարում է Հոկտեմբերի 27–ի գործի վերաբացումը։
«Իրավական գործընթացների համար համապատասխան պայմաններ են հարկավոր։ Խնդիրն այն է, որ այդ գործն իրավական առումով ավարտված է, և դատական ակտը կարող է վերանայվել բացառապես նոր երևան եկած հանգամանքների արդյունքում, երբ կունենաք համապատասպան նոր երևան եկած հանգամանք, դա կարող է օրենքով նախատեսված ընթացակարգերով առիթ հանդիսանալ գործի վերաբացման համար»,–ասաց նա։
Դատախազը պարզաբանեց, որ ոչ թե պետք է քննություն արվի, և նոր հայտնաբերվի նոր երևան եկած հանգամանքը, այլ հակառակը։
Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին` մասնագիտությամբ բժիշկ Էդուարդ Գրիգորանը, Նաիրի և Կարեն Հունանյանների, նրանց քեռի Վռամ Գալստյանի և խմբի մյուս անդամների հետ մուտք էր գործել Ազգային ժողով և գնդակահարել 8 մարդու: Այդ օրը ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:
Հոկտեմբերի 27-ի գործով դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ին: Կենտրոնի դատարանի վճռով՝ 6 անձ դատապարտվեց ցմահ, մեկ անձ՝ 14 տարվա ազատազրկման:











