News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Դուք ուզո՞ւմ եք, որ իմ դեմ էլ քրեական գործ հարուցվի նախաքննական գաղտնիք բացահայտելու համար։ Այսօր՝ մարտի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողի այն հարցին, թե իր հայտնի ելույթում արցախցի հրամանատարներից ո՞ւմ նկատի ուներ, երբ պնդում էր, որ բանակից թալանածները պետք է պատժվեն, եւ ի՞նչ քրեական գործեր կան հարուցված այդ մասով։ 

«Դուք ուզո՞ւմ եք, որ իմ դեմ էլ քրեական գործ հարուցվի նախաքննական գաղտնիք բացահայտելու համար, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի դեմ»,–նշեց նա։

Լրագրողը հետքրքրվեց նաեւ՝ հանգիստ տեղները նստելու հայտնի կոչից հետո այս մարդիկ հանգիստ նստեցի՞ն տեղները, որին վարչապետը պատասխանեց. «Հա բա ի՞նչ պիտի անեին»։

Այն հարցին, թե այնուամենայնիվ, նա  պնդո՞ւմ է արդյոք, որ չի միջամտում Արցախի կադրային քաղաքականությանը, նա ասաց. «Տեսեք ուրիշ բան է, թե ես կարող եմ Արցախին ներկայացնել, թե չեմ կարող ներկայացնել եւ ուրիշ բան է, թե մենք գործընկեր ենք, թե գործընկեր չենք։ Մենք գործընկեր ենք աշխարհի այլ երկրների հետ, բայց դա չի նշանակում, թե մենք կարող ենք ներկայացնել մեկը մյուսին։ Արցախի Հանրապետության հետ մեր հարաբերությունները չափազանց կարեւոր են, մենք ամեն ինչ անում ենք եւ կանենք, որ այդ հարաբերությունները լինեն կառուցողական, փոխադարձ հարգանքի եւ մեր ժողովրդի շահերի վրա հիմնված»։

Վարչապետի պատասխանը, սակայն, չբավարարեց լրագրողին, որը կրկին հնչեցրեց Արցախի կադրային քաղաքականությանը միջամտելու մասին իր հարցը, որին Փաշինյանը պատասխանեց. «Ես ասացի, որ Արցախում պետք է տեղի ունենան ընտրություններ, եւ ես համոզված եմ, որ բոլորը գիտակցում են, որ այդ ընտրությունները պետք է լինեն ազատ, արդար ու թափանցիկ, եւ որոշումներ կայացնողը պետք է լինի Արցախի ժողովուրդը։ Հիմա իմ ասածը միջամտություն է, թե չէ, չգիտեմ, բայց հստակ դիրքորոշում է»։ 

Տպել
Ամենաշատ