News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի չորս ու կես ժամ տեւած մամուլի ասուլիսը ես նմանեցնում եմ թույլ ուսանողի` բակալավրիատում գրած ընթացիկ գրավորի։ Այսօր՝ մարտի 21–ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։

«Երբ դու գիտես, որ ուսանողը տարրական բաներից գաղափար չունի, բայց տետրը լցված է եւ, ընդ որում, իրար հակասող մտքերով, եւ դու ստիպված պետք է գնահատես, հիմա ես ինձ այդ կարգավիճակում եմ զգում»,– ասաց Արամ Հարությունյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի ասուլիսը մեկնաբանելու լրագրողի խնդրանքին։

Արամ Հարությունյանը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանի ոչ կոմպետենտ լինելը մեծ խնդիրներ են առաջացնելու հատկապես Արցախի հարցում.

Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցում ընդհանրապես կոմպետենտ չէ, իր տրամաբանական վարժանքներ քննադատությանը չեն դիմանում։ Այսպես, Նիկոլ Փաշինյանը պոպուլիստական տարբերակով հայտարարեց, որ Արցախը պիտի լինի բանակցային կողմ, բայց տեսնում ենք, որ ոչ միայն չեղավ, այլ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը լավ բան չէր ասում այդ թեմայով։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ լիազորված չէ Արցախի անունից բանակցելու, ժամանակը ցույց կտա, թե ինչքան ոչ հայանպաստ մարտավարություն է ընտրել Փաշինյանը»։

Արամ Հարությունյանը շեշտեց նաեւ՝ Նիկոլ Փաշինյանի հոգեւոր հայրերը ոչ թե Լեւոն Տեր–Պետրոսյանը եւ Վանո Սիրադեղյանն են, այլ ավելի շուտ «Նոր ուղի» կուսակցության նախագահ Աշոտ Բլեյանը։ «Աշոտ Բլեյանը Բաքու այցելեց պատերազմի ժամանակ, ժողովուրդներին փորձում էր խաղաղության նախապատրաստել։ Դրանից հետո, ինչպես գիտեք,  «Նոր ուղի» կոնցեպցիան մի կողմ դրվեց, բայց եթե կա հին «Նոր ուղի», կա նաեւ նոր «Նոր ուղի», որը ոչնչով չի տարբերվում Աշոտ Բլեյանի կոնցեպցիայից»,–եզրափակեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ