News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ԱԺ ճեպազրույցի ժամին մանր ու միջին չինովնիկներին զգոնության կոչ ուղղեց:

«Հեղափոխությունից անցել է 11 ամիս, բայց, ցավոք սրտի, միջին օղակում կան որոշ պետական պաշտոնյաներ, որոնք դա չեն գիտակցում, դա խիստ արտացոլված է մարզերում, որտեղից էլ ազդակներ ենք ստանում, որ հեղափոխության ազդակները չեն հասել տեղ: Այնտեղ մանր ու միջին որոշ պաշտոնյաներ շարունակում են բանեցնել չինովնիկի կեցվածք, չինովնիկի ձեռագրով եւ չինովնիկի մտածելակերպով, եւ, ցավոք, սա քաղաքացիների մոտ առաջացնում է մի այնպիսի տրամաբանություն, որ ոչինչ չի փոխվել»,-ասաց նա:

Նրա խոսքով, ժամանակին որոշ քաղաքական հայրերի հովանավորությամբ աթոռներին հավակնած ու զբաղեցրած չինովնիկները չեն փոխվել. «Ինձ համար զարհուրելի է, որ այսօր կան պաշտոնյաներ, որ քաղաքացիների հետ շարունակում են քամահրանքով խոսել: Նրանք դեռ չեն գիտակցել, որ ՀՀ-ում մարդը գերագույն արժեք է եւ այդ տրամաբանությունը պետք է ջարդել ի սպառ՝ անկախ նրանից, թե քաղաքական ինչ ճամբարներում են իրենք գտնվում, սա անընդունելի է ինձ համար, որովհետեւ այն ամենն ինչ ամրագրված է օրենքով, պետք է ի կատար ածվի»:

Նազելի Բաղդասարյանը նշեց, որ այս խնդիրներին բախվում են ամենօրյա  բողոքների ու դիմումների  ընթացքում. «Պատգամավորը, իր հիմնական գործառույթները թողած, դարձել է  լոկալ սոցիալական խնդիրներ լուծող, ինչո՞ւ, որովհետեւ տարբեր չինովնիկներ թերանում են: Կարծում եմ, որ պետական պաշտոնյան, որ նման կեցվածք ունի, պետք  է օր առաջ իր իրերը հավաքի եւ տուն գնա, մենք հայաստանյան իրողության մեջ նման պաշտոնյաների կարիք չունենք: Ուզում եմ զգոնության կոչ անել, չի կարելի քաղաքացիների հետ վերամբարձ տոնով խոսել, որովհետեւ, այո, ձեր վերադասը քաղաքացին է»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ չի վախենա քաղաքական ամենաբարձր ամբիոնից անուններ հնչեցնել. «Որովհետեւ մարդիկ, ովքեր տարիներով կոռուպցիայի մեջ թաթախված են եղել, այսօր փորձում են քաղաքացիների խնդիրներին լուծում չտալ, եւ կարեւորը՝ մեկնաբանել, որ գիտեք հեղափոխական արժեքներն են սրա պատճառը, հեղափոխություն եղավ, դրա համար ձեր խնդիրները չեն լուծվում: Իրենք վստահ են, որ իրենց քաղաքական հայրերը հետ են գալու  ու փորձում են այդ ռեինկարնացիան ապահովել: Չի լինելու: Ուզում եմ, որ հասկանան՝ ՀՀ-ում գործելու է օրենքը, ՀՀ-ն օրենքի երկիր է եւ վերջ»,-ընդգծեց Բաղդասարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ