News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


ՄԱԿ գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Միրյանա Շպոլյարիչ Էգերն այցելել է Հայաստան եռօրյա այցով։ NEWS.am-ին տված հարցազրույցում Միրյանա Շպոլյարիչ Էգերը խոսել է ՄԱԿ բարեփոխումների, կանանց իրավունքների եւ Հայաստանի նոր կառավարության հետ համագործակցության հեռանկարների մասին։

ՄԱԿ-ը բարեփոխումների գործընթացում է, որը նույնպես ազդում է ՄԱԶԾ համակարգի վրա։ ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ կազմակերպությունն ավելի շատ կողմնորոշվելու է դեպի մարդիկ եւ ավելի քիչ՝ դեպի գործընթաց, ավելի շատ արդյունավետություն եւ ավելի քիչ բյուրոկրատիա։ Պատմեք ՄԱԿ բարեփոխումների օրակարգի մասին եւ բացատրեք, թե ինչպես դա կարող է ազդել ՄԱԶԾ-ի վրա։

2015 թվականին  ՄԱԿ անդամ պետություններն ընդունեցին զարգացման համապարփակ ծրագիր, որը լայնորեն հայտնի է որպես Օրակարգ 2030 (2030 Agenda)։ Այն նախանշել է 17 նպատակ զարգացման ոլորտում, որոնք ընդգրկում են մարդկային զարգացման բոլոր բնագավառները։ Օրակարգ 2030-ը ՄԱԿ համակարգից պահանջում է վերիմաստավորել այն աջակցությունը, որը ցուցաբերվում է երկրներին։ Մեզ փաստորեն անհրաժեշտ է երկու բան անել. բարելավել բոլոր հաստատությունների, հիմնադրամների եւ ՄԱԶԾ–ի միջեւ համակարգումը տեղերում եւ հնարավորություն տալ ՄԱԶԾ-ին լիովին կենտրոնանալ զարգացման հետ կապված հարցերի վրա։ Մինչ այժմ ՄԱԶԾ-ին հանձնարարվել է համակարգել ՄԱԿ մնացած աշխատանքը զարգացման ոլորտում։ Հիմա մենք կարող ենք մեր եռանդը կենտրոնացնել զարգացման էության վրա։ Դա նշանակում է, որ հարկավոր է ուղղորդել գործընկերներին, ցույց տալ, թե ինչպես աշխատել տարբեր հատվածներում՝ ինստիտուտների հիմնումից մինչեւ աշխատատեղերի ստեղծում, ածխածնի արտանետումների կրճատումից մինչեւ մարդու իրավունքների խրախուսում։ Զարգացումը բարդ բան է։ Մենք շատ լավ ենք հասկանում սա եւ հաղթահարում ենք այդ դժվարությունը։

Ձեր այցելությունը Հայաստան ներառել է հանդիպումներն Ազգային ժողովի նախագահի, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ինչպիսի՞ն են ձեր տպավորություններն այդ հանդիպումներից։ Տեսնո՞ւմ եք արդյոք համագործակցության նոր հեռանկարներ նոր կառավարության հետ։

Անշուշտ, ես շատ հպարտ եմ, որ վերջին տարիներին ՄԱԶԾ-ն աջակցել է հայաստանյան ընտրություններին, այդ թվում եւ վերջին ընտրություններին։ Հայաստանի կառավարության հետ ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի եւ Գերմանիայի համագործակցությամբ եւ աջակցությամբ  մենք օգնել ենք ապահովել առավելագույն թափանցիկություն եւ վստահության մակարդակ վերջին ընտրությունների ժամանակ։ Ես ուրախ էի, եւ ինձ համար պատիվ էր հանդիպել խորհրդարանի նախագահի հետ՝ քննարկելու համար, թե ինչպես ՄԱԶԾ-ն կարող է շարունակել աջակցության ցուցաբերումը խորհրդարանական ինստիտուտներին գործնականում։  Մենք, իհարկե, դա կանենք մեր գործընկերների եւ դոնորների հետ սերտ կոորդինացմամբ, բայց մենք ցանկանում ենք տեսնել, թե ինչպես կարող է խորհրդարանն ավելի արդյունավետ փոխգործակցել իր քաղաքացիների եւ ընտրազանգվածի հետ ապագայում։ Ինչ վերաբերում է կառավարությանը, իմ նպատակն է՝ քննարկել, թե ինչպես կարող ենք աջակցել կառավարությանը բարեփոխումների իր ծրագրում, որպեսզի ապահովվի կայուն եւ համակողմանի տնտեսական աճ հաջորդ տարիների ընթացքում։

Հայաստանում մարտի 8-ից ապրիլի 7-ը տոնում են այսպես կոչված «կանանց միամսյակը», եւ սա ամենահարմար պահն է կանանց իրավունքների մասին զրույցի համար: Ի՞նչ կարող եք ասել Հայաստանում կանանց իրավունքների մասին։

Թույլ տվեք ընդհանուր խոսեմ կանանց, այլ ոչ թե կանանց իրավունքների մասին: Եթե նայեք վիճակագրությանը, կանայք կազմում են Հայաստանի բարձրագույն կրթությամբ բնակչության 56 տոկոսը: Կանանց աջակցելը ոչ միայն ճիշտ քայլ է, դա ամենախելացին եւ լավագույնն է, ինչ կարելի է անել տնտեսական աճի ապահովման համար:

Կանայք, ինչպես նախկինում, քիչ են ներկայացված քաղաքականությունում եւ աշխատաշուկայում եւ դրա սահմաններից դուրս:

Եթե նայեք գլոբալ գենդերային բաժանմանը, ապա կտեսնեք, որ գենդերային հավասարություն ապահովելու համար հարկավոր է 32 տոկոսով բարձրացնել ամբողջ աշխարհում կանանց ներկայացվածությունը: Հայաստանն ըստ գենդերային հավասարության ցուցակի վերջին տեղերում է: Մեր ուսումնասիրած 150 երկրներից Հայաստանը զբաղեցնում է 98-րդ տեղը, ինչը նշանակում է, որ մենք պետք է ճանապարհ անցնենք գենդերային հավասարության հասնելու համար: Վերջին տարիներին մենք սերտորեն համագործակցել ենք կառավարության հետ, ինչպես նաեւ տեղական մակարդակով, ինչի արդյունքում կարողացել ենք ավելի քան 3000 կանանց քաղաքական դաշտում առաջ տանել, այնպես որ դա լավ հիմք է սկզբի համար:

Ո՞ր չափանիշներն են, ըստ ձեզ, առավել կարեւոր երկրում կանանց իրավունքների կարգավիճակի բնորոշման համար: Ինչպե՞ս են վերջին տասնամյակներում փոխվել աշխարհում գենդերային հավասարության չափանիշները եւ ինչ նոր խնդիրների են կանայք բախվում ժամանակակից աշխարհում։

Գլոբալ եւ ազգային մակարդակներում գենդերային հավասարությունը մենք չափում ենք հետեւյալ 4 հիմնական չափանիշներով՝ քաղաքականությունում, աշխատանքային ոլորտում կանանց ներկայացվածություն, առողջության մակարդակ եւ կրթության մակարդակ: Հայաստանում կանայք քիչ են ներկայացված քաղաքականությունում եւ աշխատաշուկայում, թեեւ բարձրագույն կրթություն ունեն:

Երեկ ես հանդիպում անցկացրեցի երիտասարդ կանանց խմբի հետ, որոնք տեխնոլոգիաների ոլորտի փորձագետներ են:

Նրանք էներգիայով լի, ինքնավստահ կանայք են, որոնք ցանկանում են մասնակցել այդ երկրի ապագայի ստեղծման գործում: Հաշվի առնելով նրանց մարդկային կապիտալի բարձր մակարդակը եւ զարգացմանը մասնակցելու նրանց պատրաստակամությունը, երկիրը կշահի՝ խրախուսելով այդ կանանց ներկայությունն աշխատաշուկայում: Ես նկատի ունեմ հենց բարձր վարձատրվող սեգմենտը, այլ ոչ թե այն ոլորտները, որտեղ նրանք ավելի քիչ են վաստակում, քան տղամարդիկ: Այսինքն այն հատվածները, որտեղ նրանք կարող են բարձր վարձատրվող աշխատանք ունենալ եւ պաշոտնի բարձրացում ստանալ, որպեսզի վերջնական արդյունքում առաջատարներ դառնան եւ որոշումներ ընդունեն:

Քաղաքականությունում կանանց ներգրավման տոկոսը փոքր է Հայաստանում։ Կառավարությունում միայն մեկ կին նախարար կա։ Ձեր կարծիքով՝ ի՞նչը եւ ո՞վ է հաջողության հիմնական գործոնը գենդերային հավասարության հասնելու գործում։ Ի՞նչ խորհուրդ կտայիք հայ կանանց։

Ես խորհուրդ կտայի հայ կանանց եւ տղամարդկանց կառավարությունից եւ խորհրդարանից պահանջել օրենքների եւ գործողությունների վերջին պլանի կատարում, որն ընդունել է նոր կառավարությունը գենդերային հավասարությանն օժանդակելու համար։ Դուք ունեք օրենքներ եւ քաղաքականություն, բայց դուք պետք է ստիպեք կառավարությանը պատասխանատվություն կրել այն բանի համար, որպեսզի այդ օրենքները կատարվեն, ինչպես նաեւ ներառել կանանց բյուջեում առաջ մղելու հարցերը։

Հայաստանի կառավարությունն ինովացիաները հայտարարել է գերակա ուղղություն: Ինչպե՞ս կարող է ՄԱԶԾ-ն կառավարությանն օգնել ինովացիաներն ինտեգրել տնտեսության տարբեր հատվածների մեջ, մասնավորապես՝ կայուն զարգացման ոլորտում նպատակներին հասնելու համար:

Ուրախ եմ նշել, որ զարգացման հանդեպ իր մոտեցմամբ Հայաստանն անչափ նորարարական երկիր է: 2017 թվականին մենք կառավարության հետ միասին գործարկել ենք կայուն ինովացիաների ամենաառաջին լաբորատորիան, իսկ սա երկու բան է նշանակում: Մենք միավորում ենք բոլոր հատվածները, որոնք կապ ունեն նոր լուծումների մշակմանը՝ տեխնոլոգիաների, գիտության ոլորտների փորձագետներին, մասնավոր հատվածին եւ կառավարությանը, ինչպես նաեւ ներդրողներին եւ ֆինանսական հաստատություններին, որոնք թույլ կտային որոշակի լուծումներն արագ ներդնել: Մենք նաեւ ընդլայնում ենք գործելակերպային գաղափարների, մեծ տվյալների, արհեստական ինտելեկտի օգտագործումը վերլուծության եւ երկրում կայուն զարգացման արագացման համար ռազմավարությունների բարելավման նպատակով:

Երեւանում ես հաճույքով մասնակցել եմ Hackathon-ի 2019 թվականի միջոցառմանը, որը հավաքել էր մոտ 20 թիմ, որոնք զբաղվել են աղտոտման նվազեցման, թափոնների օգտագործման բարելավման եւ քաղաքներում կանաչ տնկիների մեծացման համար լուծումների որոնմամբ: Ինձ համար հետաքրքիր է տեսնել, թե նրանք ինչ կմտահղանան եւ մեր ինստիտուցիոնալ գործընկերներից լսել, թե նրանք ինչ աստիճանի են պատրաստ օգնել նրանց այդ լուծումների իրականացման գործում: Մենք լավ փորձ ունենք, եւ ես համոզված եմ, որ կկարողանանք ավելին անել: ՄԱԶԾ-ն ինքը թվայնացման փոխակերպման մեջ է: Հայաստանը ոչ միայն առաջին երկիրն է, որը մեզ օգնել է գործարկել զարգացման նպատակներով համագործակցության այս տեսակը, այլ նաեւ օրինակ ավելի քան 60 երկրի համար, որտեղ մենք այսպիսի լաբորատորիաներ ենք ստեղծել: Մենք հույս ունենք այս ձեռքբերումներն ավելի մասշտաբային դարձնել գլոբալ ընդգրկման հասնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
Ամենաշատ