News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ տարվող հայատյաց եւ ցեղասպանական քաղաքականության հերթական դրսեւորումը եղավ 1992 թ. ապրիլի 10-ին Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված կոտորածները:

Ապրիլի 10-ի առավոտյան սկսվեց գյուղի հրետակոծությունը, այնուհետեւ ադրբեջանական զորքերը մտան Մարաղա: Բնակչության հիմնական մասը հասցրեց լքել գյուղը, իսկ ովքեր չհասցրեցին, ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների զոհ դարձան։ Երբ հաջորդ օրը հայկական ուժերը գյուղն ազատագրեցին, հայտնաբերեցին ազգությամբ հայ քաղաքացիական անձանց բազմաթիվ խեղված դիակներ:

Ըստ տարբեր տվյալների, Մարաղայում սպանվել է ավելի քան 57 քաղաքացիական անձ, եւ ավելի քան 60-ը գերի են վերցվել, որոնցից 9 երեխա եւ 29 կին:

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսն այսպես է նկարագրում Մարաղայում տեղի ունեցածը. «Այն ինչ որ մենք տեսանք՝ նկարագրության ենթակա չէ։ Գյուղը ամբողջովին ավերված էր։ Մարդիկ թաղում էին զոհվածներին, ավելի ճիշտ այն ինչ հնարավոր էր թաղել՝ տանջամահ արված, կենդանի այրված, կտրտված կամ սղոցված դիակի մասեր։ Մի մասին թաղել էին նախորդ օրը. նկարահանելու համար նրանց հանեցինք, թեեւ հասկանում էինք, թե ինչքան ծանր է հայերի համար։ Այդ օրերին Մարաղայում նկարահանվածը փաստում է այդտեղ իրագործված սոսկալի կոտորածի մասին՝ գլխատված եւ կտրտված դիակներ, երեխաների դիակներ, մարմնի մասեր եւ արյունոտ հող, որտեղ սղոցել էին նրանց։ Մենք տեսանք արյունոտված մանգաղներ, որոնցով կատարել էին այդ եղեռնագործությունը: Բնակիչներին սպանելուց հետո ադրբեջանցիները թալանել եւ այրել էին գյուղը»:

Ինչպես Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում, այնպես էլ ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանի կողմից շարունակվել է հայերի էթնիկ զտման քաղաքականությունը, որը, ըստ մեր վերլուծության, լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության իրավական ձեւակերպմանը: Ավելին, բացի հարյուրհազարավոր ադրբեջանահայության հայրենազրկումից, մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանց սեփականության, ազատ տեղաշարժի եւ մի շարք այլ իրավունքներ շարունակաբար մնում են խախտված, եւ շատերն առ այսօր կրում են այդ քաղաքականության ֆիզիկական, հոգեբանական ու նյութական հետեւանքները:

Կատարված հանցագործությունները մինչ օրս պատշաճ իրավական գնահատական չեն ստացել եւ փաստացի մնացել են անպատիժ, ինչի հետեւանքներից է նաեւ ներկայումս Ադրբեջանի Հանրապետության կողմից հայատյացության պետական քաղաքականության իրականացումը: Դրա զոհերն են շարունակում դառնալ ոչ միայն ադրբեջանահայությունն ու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության բնակչությունը, այլեւ հայ ազգի բոլոր ներկայացուցիչները եւ Արցախ այցելող օտարերկրացիները: Հիշեցնենք, որ Ադրբեջանի հայատյացության քաղաքականության վերաբերյալ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը 2018թ. հրապարակել է հատուկ զեկույց՝ ներկայացնելով դրա դրսեւորման կոնկրետ օրինակներ եւ վերաբերելի միջազգային իրավունքի վերլուծություն:

Ադրբեջանական հասարակության մեջ սերմանված հայատյացության դրսեւորման ակտիվ փուլ արձանագրվեց նաեւ 2016թ. ապրիլին Արցախի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակման ժամանակ, եւ Մարդու իրավունքների պաշտպանն իր փաստահավաք առաքելության շրջանակներում 2016թ. հատուկ զեկույցով ներկայացրել է քաղաքացիական ու զինվորական անձանց սպանության, գլխատման, խոշտանգման եւ իրավունքների խախտման ու պատերազմական հանցագործությունների մի շարք այլ դեպքեր:

Հատկանշական է, որ այդպիսի հանցագործություններ կատարած ադրբեջանցի զինվորականներն այնուհետեւ պարգեւատրվել ու խրախուսվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ իրավական գնահատական տալ 1992թ. Ապրիլին Մարաղայում մարդկության դեմ կատարված հանցագործությանը եւ ռազմական հանցագործություններին՝ համաձայն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների եւ նորմերի, ինչպես նաեւ գործուն միջոցներ ձեռնարկել ներկայումս Ադրբեջանում շարունակվող հայատյացության քաղաքականության դադարեցման ուղղությամբ:

Ռասիստական ատելության այդ ճանապարհը ոչ միայն հակասում է միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին, այլեւ ավելի ու ավելի է հեռացնում երկու ժողովուրդներին հակամարտության կարգավորումից եւ տեւական խաղաղությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ