News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Մայիսի 6-ին Դավիթ Գարեջա (ըստ ադրեբեջանական տարբերակի՝ Քեշիքչիդաղ (այստեղով է անցնում վրաց-ադրբեջանական սահմանը)) վանքային համալիրի մոտ էին հավաքվել քաղաքացիական ակտիվիստներ, հայտնում է «Էխո Կավկազան»:

Տեղեկությունների համաձայն՝ նրանք կենդանի շղթա էին կազմել Դավիթ Գարեջա վանքային համալիրի այն հատվածի շուրջ, որին հավակնում է ադրբեջանական կողմը: Ակցիայի մասնակիցները վանքային համալիրի մոտ էին եկել ոտքով մի քանի կիլոմետր անցնելով:

Այս գործողությունները նախադեպ ունեին, որը գրանցվել էր ապրիլի 25-ին: Այդ ժամանակ ադրբեջանցի սահմանապահները փակել էին վանքային համալիր տանող ճանապարհը:

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում Դավիթ Գարեջա համալիրը, եւ ինչո՞ւ են վերջին շրջանում դրա շուրջ կրքերը բորբոքվում:

Նախ պատմական էքսկուրս կատարենք: Դավիթ Գարեջա համալիրի մեջ են մտնում ժայռափոր մոտ 20 վանքեր Վրաստանի Գարդաբանի, Սագարեջոյի եւ Սիղնաղի շրջաններում: Գլխավոր վանքը Սուրբ Դավիթի մայր վանքն է լեռան հյուսիսային լանջին, որը Վրաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանին է գտնվում: Համալիրի տարածքում եկեղեցիներից շատերում պահպանվել են VIII-XIV դարերով թվագրվող որմնանկարներ: Որմնանկարներում պատկերված են պատմական անձանց դիմանկարներ, այդ թվում՝ Թամար թագուհու: Սահմանն անցնում է լեռան գագաթով, որը վրացի պատմաբաններն անվանում են Ուդաբնո: Խորհրդային տարիներին սարահարթը, որի վրա գտնվում են եկեղեցիները, փոխանցել են Ադրբեջանին: Խնդիրը միաժամանակ նաեւ կրոնական հնչեղություն ունի: Պատմաճարտարապետական համալիրը վրացիների ուխտագնացության օբյեկտ է:

Ադրբեջանն, իր հերթին, հայտարարում է, որ Քեշիքչիդաղ քարանձավային վանքային համալիրը Կովկասյան Ալբանիայի պատմական ժառանգությունն է: Նրանց խոսքով՝ հին ալբանացիները քրիստոնեություն են դավանել, սակայն իսլամ ընդունելով՝ այս սրբավայրի հանդեպ հետաքրքրությունն աստիճանաբար կորցրել են: Աթաբեկովների դինաստիայի իշխանավարման շրջանում վրացի տիրակալները այն միացրել են իրենց պետությանը:

Եվ ահա, օրերս ադրբեջանցի զինվորականները թույլ չեն տվել Ուդաբնո վանք գնալ նաեւ Վրաստանի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլիին: Վրաստանի բոլոր կենտրոնական հեռուստաալիքների տասնյակ լրագրողների ներկայությամբ նա ստիպված էր ադրբեջանցի զինվորականներին հայտարարել. «Օկուպանտնե՛ր, հեռացե՛ք ձեր Միջին Ասիա, որտեղից եկել եք: Սա մեր քրիստոնեական տաճարն է», ինչը երկու երկրների լրատվամիջոցներում եւ համացանցում դարձել է թեժ քննարկումների թեմա:

Այս վանքային համալիրը Ադրբեջանին երկու պատճառով է պետք. պատմությունը կեղծելով եւ հավակնելով հին, իրենց խոսքով, իբր, ալբանական վանքին՝ հաստատել սեփական «հնագույն» ծագումը: Երկրորդ՝ Ադրբեջանի համար համալիրը, իրենց խոսքով, ռազմական նշանակություն ունի, քանի որ այստեղից բացվում է Սագարեջոյի, Ռուսթավիի շրջակայքի տեսարանը: Դրանով իսկ Ադրբեջանը հասկացնում է բուն վրացական տարածքների հանդեպ զավթողական ծրագրերի մասին:

Վրաստանի նկատմամբ զավթողական ծրագրերը ամրապնդվում են նաեւ ադրբեջանական էներգետիկ ընկերությունների հզոր տնտեսական գերակայությամբ. պետական SOCAR կորպորացիան Վրաստանում տնօրինում է ավտոլցակայանների եւ տերմինալների ցանցը, ինչպես նաեւ նավթային տերմինալները սեւծովյան Կուլեւի նավահանգստում, որով իրականացվում է համաշխարհային շուկա ադրբեջանական նավթի եւ նավթամթերքի փոխադրումը:

Վրաց-ադրբեջանական ընդհանուր պետական սահմանն ունի 446 կմ երկարություն, որից 180 կմ-ը դեռես սահմանագծված չէ:

Վրացի պատմաբանները հայտարարում են Էրեթի պատմական մարզի մասին, որի մի մասը գտնվում է ներկայիս Ադրբեջանի տարածքում, ինչպես նաեւ Զաքաթալան, Կախան, Բելոկանան համարում են իրենց Սաինգիլո պատմական նահանգը: Ի պատասխան՝ ադրբեջանական կողմը խոչընդոտում է այս տարածքում վրացական եկեղեցու գործունեությանը եւ առգրավում տարածաշրջանի վրացական դպրոցների համար նախատեսված վրացերեն դասագրքերը:

Վրացի բարձրաստիճան պաշտոնյաները կոչ են արել արմատապես վերացնել Ադրբեջանից եւ Թուրքիայից Վրաստանի կախվածությունը: Օրինակ՝ կասկածներ հայտնելով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի նպատակահարմարության վերաբերյալ՝ նկատի ունենալով Սեւ ծովի վրացական նավահանգիստներով բեռնափոխադրումների հնարավոր նվազումը: Սակայն Բաքվի կոշտ արձագանքից հետո այս խոսակցությունները փաստացի դադարել են:

Ադրբեջանի գիտական շրջանակներում ավելի ու ավելի հաճախ է հնչում պնդումը, թե Վրաստանը ստեղծվել է ադրբեջանական հողերի վրա: Շարունակում է վիճելի տարածք մնալ նաեւ Էրիսիմեդի գյուղը: Ադրբեջանական կողմը պնդում է, որ Դավիթ Գարեջա համալիրը եւ Էրիսիմեդի գյուղը Ադրբեջանին են պատկանում, սակայն վրացական կողմը հակված չէ որեւէ զիջման գնալու:

Ադրբեջանի կառավարությունը 2014 թվականին որոշում էր ընդունել մինչեւ 2005 թվականն արտադրված մարդատար ավտոմեքենաների երկիր ներմուծումն արգելելու մասին: Դրա հետեւանքով Վրաստանից մեքենաների մատակարարումը գրեթե դադարել է, ինչը վնաս է հասցրել երկրի տնտեսությանը:

Ադրբեջանի սոցիալական եւ կրոնական իրադրությունն արտացոլվում է Վրաստանի հարեւան շրջաններում, որտեղ մեծ թվով ադրբեջանցիներ են բնակվում: Այստեղ տեղի են ունենում նույն կրոնական արմատական գործընթացները, ինչ եւ բուն Ադրբեջանում: Հաշվի առնելով Վրաստանի ցածր ժողովրդագրական ցուցանիշները՝ Վրաստանի հարավարեւելյան շատ շրջաններում (Քվեմո Քարթլիում եւ Կախեթիայում) ադրբեջանցիների թվական գերազանցությունը կաճի: Իսկ դա չի կարող չհարուցել Վրաստանի հանրության տագնապը:

Վերեւում ասվածից ելնելով՝ ակնհայտ է, որ վերջին շրջանում Վրաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները սկսել են վատթարանալ, որ երբեմնի ամենամերձավոր գործընկերների միջեւ թյուրըմբռնումը ավելի է խորանում: Երկկողմ հարաբերությունների հարցերում դեռ երկար ժամանակ փորձաքար կմնան լուծում պահանջող ցավոտ թեմաները: Ուստի միանգամայն հնարավոր է նրանց հարաբերությունների հետագա լարվածությունը:

Րաֆֆի Սամվելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ