News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը երկուշաբթի երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուին երկու լրացուցիչ շաբաթ է տվել կառավարական կոալիցիա ստեղծելու համար ապրիլի 9-ին կայացած ընտրությունների արդյունքներով, ի պատասխան վարչապետի համապատասխան հարցապնդման, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Այն բանից հետո, երբ դուք հայտարարեցիք կառավարության ձեւավորման համար լրացուցիչ ժամանակի անհրաժեշտության մասին, հիմնական օրենքին համապատասխան՝ ես երկարացնում եմ կառավարության ձեւավորման համար հատկացված ժամկետը տասնչորս օրով»,- տարածել է Ռիվլինի գրասենյակը նրա պատասխանը Նեթանյահուի հարցապնդմանը։

Վարչապետը ավելի վաղ նույն օրը եղել էր նախագահի Երուսաղեմի գրասենյակում։ Ռիվլինի գրասենյակում նշել են, որ «համաձայն Հիմնական օրենքի՝ կառավարությանը, վարչապետին հատկացվել է 28 օր կառավարության ձեւավորման համար»։ «Նախագահն իրավունք ունի երկարացնել այդ ժամկետը 14 օրով»,- ասել են այնտեղ։

Ապրիլի 17-ին Ռիվլինը ստորագրել է հրամանագիր նոր կառավարություն ձեւավորելու համար։ Օրենքը վարչապետին 42 օր է հատկացնում կառավարական կոալիցիայի ձեւավորման եւ 2009-ից իր կարիերայում հինգերորդ եւ անընդմեջ չորրորդ կառավարության ստեղծման համար. այդ ժամկետն ավարտվում է մայիսի 14-ին՝ 28 հատկացված օրից հետո, եւ եւս 14 օր, որոնք վարչապետը խնդրել է եւ ստացել նախագահից։

Ապրիլի 9-ի ընտրությունների պաշտոնական արդյունքներով Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը ստացել է Քնեսետի 120 տեղից 35-ը, նույնքան էլ ստացել է կենտրոնական «Կախոլ Լավանը»։ Ուլտրաուղղափառ ՇԱՍ կուսակցությունը եւ «Յահուդաթ խա Թորա»-ն վերահսկում են ութական տեղ, պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանի «Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունը եւ «Աջ կուսակցությունների միությունը»՝ հինգական, «Կուլանու» կուսակցությունը՝ չորս տեղ։ «Ավոդա» կուսակցությունը ստացել է վեց տեղ, ձախ «Մերեց» կուսակցությունը՝ չորս, իսրայելցի արաբների «Խադաշ-Թաալ» եւ «Ռաամ-ԲԱԼԱԴ» կուսակցությունները՝ վեց եւ չորս խորհրդարանական աթոռ համապատասխանաբար։

Նեթանյահուն խոստանում է ստեղծել կոալիցիա աջ եւ կրոնական կուսակցություններից, որը կվերահսկի Քնեսետի 120 տեղից 65-ը։ Եթե նա չկարողանա դա անել 48 օրում, Ռիվլինը կարող է կառավարության ձեւավորման իրավունքը տալ այլ պատգամավորի կամ կրկնական ընտրություններ հայտարարել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ