News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի հարցում կա մեծ անվստահություն ներկա իշխանությունների եւ նրանց վարած քաղաքականության հանդեպ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով Արցախի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական դաշինք կնքելու անհրաժեշտությանը։

«Եկեք պարզ խոսենք՝ այդ դաշինքը դե ֆակտո եղել է դեռ 90–ականներին։ 1993 թվականին ՀՀ նախագահը պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանը հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը։ Սակայն հիմա, իմ խորին համոզմամբ, կա անհրաժեշտություն իրավաբանորեն ամրագրելու այն, ինչ փաստացի կա ։ Շատ պարզ ասեմ՝ կա մեծ անվստահություն ներկա իշխանությունների եւ նրանց վարած քաղաքականության հանդեպ, նույն բանակցային գործընթացում, այն արժեքային համակարգի հանդեպ, որ ընկած ներկա իշխանության հիմքում»,- նշեց նա։

Անդրադառնալով ՀՅԴ կողմից նախաձեռնված «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովին՝ նա շեշտեց՝ այդ համաժողովի մասնակիցներն էլ փաստում էին, որ գործող իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ մտահոգություն կա։ «Այո, ճնշելով ՀՀ իշխանություններին գնալ այդ քայլին եւ Արցախի հետ ռազմավարական դաշինք կնքել՝ լուրջ հույսեր կլինեն, որ իշխանությունները չեն կարող շեղվել այն ամենից, ինչ 30 տարի եղել է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության պետականության ողնաշարը։ Խոսքը ոչ միայն մի քանի կարեւոր ուղղությունների մասին է՝ բանակցային գործընթաց, արտաքին քաղաքականություն, պաշտպանություն, անվտանգության համակարգ, ավելին կարեւորագույն խնդիրներից մեկը համայն հայության ջանքերի ուղղորդումն է դեպի Արցախի միջազգային ճանաչման գործընթաց»։

Դավիթ Շահնազարյանը անպատասխանատու է համարում գործող իշխանությունների քաղաքականությունը Արցախի հարցում. «Այսօրվա իշխանություններն իրենք են հայտարարել, որ Արցախի հարցի կարգավորման տեսլական չունեն, եւ ասում են, որ համայն հայությունը պետք է որոշի։ Քաղաքական գործիչը, պետական գործիչը պետք է ներկայացնի իր տեսլականը։ Դա անպատասխանատվություն է այս հարցի հանդեպ։ Գրեթե 1 տարի ՀՀ վարչապետը հայտարարում էր, որ ինքը Արցախը չի ներկայացնելու, բայց այսօր գնացել, ներկայացնում եւ բանակցում է»։

Հիշեցնենք, որ ՀՅ Դաշնակցության նախաձեռնությամբ մայիսի 7-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության իրավապայմանագրային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու օրակարգով։

Ֆորումի կազմակերպմամբ ազդարարվեց երկու հայկական պետությունների միջեւ համապարփակ համագործակցության համաձայնագիր կնքելու գործընթացի մեկնարկը։ Ֆորումն ընդունելու է հռչակագիր, ձեւավորելու է կազմկոմիտե, որը պետք է կազմակերպի համահայկական ստորագրահավաք՝ ի պաշտպանություն Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի։

Տպել
Ամենաշատ