News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ես հավատում եմ արդար դատարանին եւ համոզված եմ, որ ի օգուտ ինձ որոշում կընդունի։ Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը։

Դիտարկմանը, որ տեսանյութում երեւում է, թե ինչպես է ինքը շշով հարվածում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին, նա հերքեց. «Եթե մանրակրկիտ ուսումնասիրեք, անհնար է ապացուցել, որ այդ դեպքի հետ կապ ունեմ։ Ես այնտեղ եղել եմ, Գասպարիին չեմ ճանաչում, չգիտեմ էլ՝ նա լա՞վ, թե՞ վատ մարդ է, բայց տվյալ պահին նա կոնկրետ սադրում էր։ Այդ պահին այնտեղ գտնվում էին մարդիկ, որոնք եկել էին սատարելու Ռոբերտ Քոչարյանին։ Ոնց որ ցուլերի մեջ մեկին կարմիր դրոշակ ցույց տաս»։

Հարցին՝ արդարացնո՞ւմ է Գասպարիի նկատմամբ բռնությունը, Թավադյանը պատասխանեց. «Ես ո՞վ եմ, որ արդարացնեմ, եթե բազմաթիվ մարդիկ կան այս երկրում, որոնք որոշել են, որ իրենք կարող են դատավոր կամ արդարացնող լինել, ես այդ շարքից չեմ։ Ես մարդ եմ, որն ապրում է իր համար՝ հարգելով օրենքներն ու իր կողքի մարդկանց, երբեք չեմ սադրում, եթե ինչ-որ բան էլ չի ստացվում՝ ներողություն եմ խնդրում»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ է, որ Ռոբերտ Քոչարյանի բիզնեսների որոշ մասը պատկանում է հենց իրեն, օրինակ՝ «Նուռ» քարտը, «911» դեղատների ցանցը եւ այլն, Արմեն Թավադյանը հակադարձեց. Համոզվա՞ծ եք, որ «Նուռ» քարտը Ռոբերտ Քոչարյանին է պատկանում։»,–ապա հավելեց,– ««Նուռ» քարտի տերը ես եմ, դրա հետ Քոչարյանն ընդհանրապես երբեք կապ չի ունեցել»։

Արմեն Թավադյանը լրագրողներին հորդորեց ճշնարտությունը ներկայացնել.  «Այդքան ուղղորդված պետք չի լինել: Վիճակը կարող է փոխվել, ու շատ անհարմար վիճակի մեջ կհայտնվեք: Ճշմարտությունը ներկայացրեք: Կեղտոտ հարցեր եք տալիս։ Նույնիսկ հունից հանում եք: Ժամանակին ասե՞լ են, որ էս երկրում սաղ բիզնեսները Քոչարյանինն է: Դուք ասողներին հարցրե՞լ եք՝ ի՞նչ եղավ էդ»:

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասությունների Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանը դռնփակ նիստում քննում է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի հարցը։

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչի կողմից մեղադրանք է առաջադրվել Արմեն Թավադյանին՝ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այսինքն՝ խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ: Տվյալ դեպքում, վարույթը իրականացնող մարմինը, որպես զենք օգտագործվող առարկա է գնահատել ջրի շիշը: Բացի այդ, քննիչի կողմից որոշում է կայացվել խափանման միջոց կալանավորումը Արմեն Թավադյանի նկատմամբ կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը ծանուցում էր ստացել Երեւան քաղաքի քննչական վարչությունից՝ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին շշով հարվածելու միջադեպի հետ կապված։

Օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստի ընթացքում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում միջադեպ էր տեղի ունեցել։ Վարդգես Գասպարիի պնդմամբ՝ իրեն շշով հարվածել են, ինչի հետեւանքով կապտուկ է առաջացել։

Տպել
Ամենաշատ