News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
USD
477.83
EUR
535.7
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Հանրային խորհուրդը մայիսի 20-ին արտահերթ նիստ է անցկացրել՝ քննարկելու Հայաստանի դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը։

Խորհրդի անդամները նախ անդրադարձել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու կոչին։ Հնչել են տարբեր կարիծքներ ու դիրքորոշումներ, սակայն շատերը լուրջ մտահոգություն են հայտնել այդ երեւույթի վերաբերյալ՝ նշելով, որ նման գործելաոճը չի բխում իրավական պետություն կառուցելու եւ խնդիրները բացառապես օրենքի շրջանակներում լուծելու սկզբունքներից։

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն, իր կարծիքը հայտնելով Փաշինյանի կոչի, ինչպես նաեւ դրան հաջորդող ելույթի մասին, մասնավորապես ասել է․«Ստեղծված իրավիճակը կարող է շատ վտանգավոր լինել մեր երկրի համար։ Դատական համակարգն ամբողջ աշխարհում ծառայում է օրենքին, այն պետք է անկախ լինի թե՛ գործադիր իշխանությունից, թե՛ օրենսդիր իշխանությունից եւ թե՛ ժողովրդի մեծ կամ փոքր հատվածների ճնշումներից՝ առաջնորդվելով միան օրենքով։ Որոշումների անհամաձայնության դեպքում կան բողոքարկման մեխանիզմներ, եւ ժողովուրդը չի կարող թելադրել, թե դատարանն ինչ որոշումներ կայացնի։ Այո, դատական համակարգը մեզ մոտ մտահոգիչ է, բայց այն իդեալական չի նաեւ ամբողջ աշխարհում, եւ բարեփոխումներ իհարկե պետք են։ Այս առումով Բարձրագույն դատական խորհուրդն ունի իրավական լայն լիազորություններ, եւ առանց վեթթինգի կամ անցումային արդարադատության իրականացման այդ խնդիրները կարելի է լուծել»։

Հանրային խորհրդի նախագահը, արտահայտելով իր տեսակետը անցումային արդարադատության վերաբերյալ, նաեւ նշել է, որ դրա անցկացման համար մեր երկրում չկան համապատասխան նախադրյալներ, եւ այն ավելի շատ բացասական հետեւանքներ է թողնելու Հայաստանի միջազգային վարկանիշի վրա։

Վազգեն Մանուկյանը մտահոգություն է հայտնել վարչապետի ելույթում հնչած՝ Արցախ-Հայաստան փոխհարաբերությունների, «դավադիր պատերազմ հրահրելու», «որոշ տարածքներ հանձելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու» հայտարարությունների վերաբերյալ։

Նա վտանգավոր ու վնասակար է գնահատել նաեւ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու մտադրությունը։

Հանրային խորհուրդը քննարկում է ծավալել դատական բարեփոխումների գործընթացի իրավական լուծումների շուրջ։ ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարեն Զադոյանն այս հարցերի, մասնավորապես անցումային արդարադատության եւ վեթթինգի վերաբերյալ ներկայացրել է ծավալուն տեղեկատվություն, որից հետո խորհրդի տարբեր անդամներ արտահայտել են իրենց տեսակետները։

Ամփոփելով քննարկումը՝ Հանրային խորհուրդը որոշել է ամենայն ուշադրությամբ հետեւել ՀՀ կառավարության եւ Ազգային ժողովի նախաձեռնած դատական բարեփոխումների գործընթացին եւ Հանրային խորհրդի հարթակն օգտագործել մասնագիտական, փորձագիտական քննարկումների կազմակերպման եւ այդ քննարկումների արդյունքում կառավարությանը դիրքորոշում եւ առաջարկներ ներկայացնելու նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել