News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Համաշխարհային մաքսային կազմակերպության «Մերկատոր» ծրագրի շրջանակում մայիսի 13-17-ը Երեւանում իրականացված դիագնոստիկ առաքելության ընթացքում ՀՄԿ փորձագետներ՝ ԱՄՆ մաքսային ծառայության «Մերկատոր» ծրագրի խորհրդատու Դեվիդ Քինգը եւ Նիդերլանդների մաքսային ծառայության «Մերկատոր»  ծրագրի խորհրդատու Պիտեր Վիլեմսն այցելել են Պետական եկամուտների կոմիտե:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վերջիններս տեղում ծանոթացել են առեւտրի դյուրացմանն ու ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանն ուղղված ՊԵԿ-ի ծրագրերին: Փորձագետներին են ներկայացվել նաեւ կոմիտեի տեղեկատվական համակարգերի մշտադիտարկման սկզբունքները, ինչպես նաեւ՝ միջազգային չափանիշներին համապատասխանող սերվերային կենտրոնն ու ՀՀ արտաքին առեւտրի ազգային մեկ պատուհան պորտալում գործող համակարգերը:

«Մերկատոր» ծրագիրն ուղղված է Առեւտրի համաշխարհային կազմակերպության Առեւտրի դյուրացման համաձայնագրի դրույթների իրականացմանը, իսկ դիագնոստիկ առաքելության արդյունքում կուղենշվեն այդ ուղղությամբ իրականացվելիք հետագա քայլերը:

ՀՄԿ փորձագետները տպավորվել են վերջին 10 տարվա ընթացքում ՊԵԿ-ում տեղի ունեցած առաջընթացից: «Առեւտրի դյուրացման համաձայնագրի բազմաթիվ պահանջներ արդեն կատարվել են, ինչը զարմացրել է մեզ: Բիզնես հանրության հետ առավել թափանցիկ աշխատելու համար կարեւորվում է սահմանային մյուս գործընկերների ներգրավվածությունը, ինչը Հայաստանին կրկին հաջողվել է: Կարծում ենք, որ ուսումնասիրությունների արդյունքում մեր առաջարկությունները հիմք կհանդիսանան անհրաժեշտ գործընթացների ներդրմանը՝ նպաստելով ՀՀ-ում առեւտրի դյուրացմանը»,-նշել է Նիդերլանդների մաքսային ծառայության «Մերկատոր» ծրագրի խորհրդատու Պիտեր Վիլեմսը:

ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի խոսքով փորձագետների առաջարկությունները դառնալու են 5-10 տարիների համար ՊԵԿ ռազմավարության անբաժանելի մասը: «Շատ ոգեւորված ենք, որ Առեւտրի դյուրացման համաձայնագրի գրեթե բոլոր կետերի մասով գործողություններ են արվել, մասնավորպես՝ ռիսկերի կառավարման, էլեկտրոնային համակարգերի, մեկ կանգառ մեկ պատուհանի, միջազգային կառույցների հետ համագործակցության ուղղություններով: Խնդրել ենք փորձագետներին առավել մանրամասն վերլուծել ՊԵԿ-ի եւ ՀՀ այլ գերատեսչությունների համագործակցությունը, որպեսզի առեւտրի դյուրացման եւ ԱՏԳ բարելավմանն ուղղված Հայաստանի կառավարության քայլերն առավել արդյունավետ ընթացք ունենան»,-նշել է Մ. Փաշայանը:

Ի դեպ, ծրագրի շրջանակում կցուցաբերվի տեխնիկական աջակցություն, կիրականցվեն  համաձայնագրով նախատեսված բարեփոխումներ: Նախատեսվում է կրճատել սահմանին մաքսային ձեւակերպումների ժամանակահատվածն եւ ծախսերը, արդյունավետ համագործակցություն հաստատել Պետական եկամուտների կոմիտեի,  սահմանային հսկողություն իրականացնող այլ մարմինների եւ դոնոր կազմակերպությունների միջեւ: Ուսումնասիրվելու են նաեւ Համաշխարհային մաքսային կազմակերպության գործիքները, նախաձեռնությունները, չափանիշներն ու միջազգային լավագույն փորձը:

Տպել
Ամենաշատ