News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
USD
477.81
EUR
544.32
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Ապրիլյան պատերազմը սանձազերծած Ալիևին կիրթ և նորմալ համարելուց հետո ՀՀ իշխանությունը հիմա էլ որոշել է հարցականի տակ դնել հայ ժողովրդի հաղթանակը քառօրյայում:: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Նման սցենարի կրկնությունը կարմիր քարտ կլինի ոչ միայն Նիկոլին,այլ մեզ բոլորիս

Հարգելի հայրենակիցներ, իմ ողջ քաղաքական կենսագրության ընթացքում եղել եմ ու կամ քաղաքական բանավեճի,բայց ոչ հակամարտության կողմնակից:

Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության իրական միասնությունն ու պետական անվտանգության ամրապնդումը պետք է լինեն մեր ապագա հաղթանակների գրավականը:

Սակայն անհնար է նոր հաղթանակների հասնել, երբ հարցականի տակ են դրվում անցյալի հաղթանակները: Երբ ասում եմ հաղթանակ, նկատի ունեմ հաղթանակը Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում, Շուշիում եւ, իհարկե, Ապրիլյան քառօրյայում:

Ես իմ հայրենիքում թշնամիներ չունեմ , որպեսզի ներքաղաքական պայքարում արձանագրված հաջողությունը կամ անհաջողությունը հաղթանակ կամ պարտություն որակեմ: Եւ սին են այն տեսակետները, թե իմ եւ գործընկերներիս մտահոգությունները մասնավորապես Արցախի եւ ազգային հարցերում, ինչ-որ նեղ շահեր են հետապնդում:

Եւ այսպես, չափազանց մտահոգիչ է, երբ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություն են կազմակերպում, երբ Իլհամ Ալիեւը զորավարժությունների հաջորդ թիրախ է հայտարարում Շուշին, իսկ մեր իշխանությունը համերաշխություն քարոզելու փոխարեն Հայաստանում եւ Արցախում դավադիր ուժերի փնտրտուքով է զբաղված՝ կանաչ լույս վառելով ադրբեջանական հնարավոր հարձակման համար:

Ապրիլյան պատերազմը սանձազերծած Ալիեւին կիրթ եւ նորմալ համարելուց հետո ՀՀ իշխանությունը հիմա էլ որոշել է հարցականի տակ դնել հայ ժողովրդի հաղթանակը քառօրյայում:

Ավելին, փառավոր հաղթանակներ արձանագրած հայ ժողովրդին ոչ միայն բաժանում են սեւերի եւ սպիտակների, այլեւ տարանջատում եղբայրական ժողովուրդների:

Ոմանք ասում են,թե Արցախը պատրաստ չի եղել հարձակում դիմագրավելուն,մյուսներն էլ՝ հարցականի տակ են դնում հաղթանակը:

Նման որակումների հեղինակների առնվազն մի մասը Արցախի տեղը դժվար թե իմանա, բանակինը ՝ առավել եւս:

Իհարկե, ես հեռու եմ այն մտքից, թե որեւէ թերություն, սխալ չի եղել: Միեւնույն ժամանակ աններելի է սխալները համահարթեցնելով՝ ոտքի տակ տալ հաղթանակը:

Այսպես, եթե պատրաստ չենք եղել, ինչպե՞ս ստացվեց,որ Ադրբեջանը ոչ մի բնակավայր չկարողացավ գրավել: Եթե չենք հաղթել, ո՞նց եղավ, որ այսօր Արցախում ծածանվում է ոչ թե Ադրբեջանի, այլ հայկական եռագույնը:

Ասում են՝ բազմաթիվ զոհեր ենք տվել: Խոնարհվում եմ բոլոր նահատակ հերոսների առջեւ, նրանցից յուրաքանչյուրը ընտրեց իմացյալ անմահությունը հանուն հայրենիքի:

Ադրբեջանի լավագույն ուժերը հետ շպրտվեցին, եւ դա հնարավոր եղավ ապրիլյան քառօրյայի 75 նահատակների, հայ զինվորի, հայոց գեներալների ու սպաների , առյուծածին մայրերի, Գերագույն հրամանատարության եւ համազգային միասնության շնորհիվ:

Ադրբեջանը ձախողվել է Ապրիլյան քառօրյայում, իսկ Հայաստանն ու Արցախը հաղթել են:

Օրվա իշխանավորներին, ովքեր 800 հեկտար կորուստն են շահարկում, ասեմ՝ ձեր տրամաբանությամբ 90-ականներին Արցախյան ազատամարտն էլ պետք է պարտություն համարել, քանի որ կորցրել ենք Արծվաշենը, Շահումյանը,Գետաշենը եւ մի շարք տարածքներ:

Ի դեպ, նրանք, ովքեր մարդկանց մեղադրում են 800 հեկտար զիջելու մեջ, մոռանում են, որ նաեւ այդ նույն մարդկանց ջանքերով 740 հազար հա տարածք է ազատագրվել:

Չնայած իրենցից ամեն ինչ սպասելի է , քանի որ մայիսին երրորդ-չորրորդ գիծ խրամատ փորելը համարվում է Ապրիլյան պատերազմին մասնակցություն:

Չեմ զարմանա, որ մանիպուլյացիաներով մի օր էլ իրենցից շատերը դառնան գեներալներ:

Եզրափակելով նշեմ՝ նրանք, ովքեր հարցականի տակ են դնում Ապրիլյան քաօրյայում մեր ժողովրդի հաղթանակը , զբաղված են պետական դավաճանությամբ: Սա ոչ այլ ինչ է, քան բանակը բարոյալքելու հերթական փորձ: Մի արեք, հերիք է բաժանարար գծեր քաշեք:

Հ.Գ. 1920թ. հեղափոխական բոլշեւիկները այնքան բարոյալքեցին բանակը եւ հակադաշնակցական քարոզ իրականացրին, որ Կարսի կայազորը առանց մի կրակոցի հանձնվեց:

Նման սցենարի կրկնությունը կարմիր քարտ կլինի ոչ միայն Նիկոլին,այլ մեզ բոլորիս»:

Տպել