News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Դատավոր Ալեքսանդր Ազարյանը չի զրկվի գիտական աստիճանից, քանի որ այդպիսի մեխանիզմ չկա։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը։

«Բացի այդ՝ ԲՈԿ-ի նախագահ դառնալուց ես ասացի, որ նախկինը չենք քրքրելու, բայց կարող եք նախկինի մասին հարց տալ եւ կպատասխանենք»,- նշեց նա։

Գոգյանը, սակայն, շեշտեց՝ ինքը չի նախաձեռնել դատավոր Ազարյանի ատենախոսությունը համեմատելու գործընթացը, սակայն հրաժարվեց նշել, թե ով է դիմել նրա աշխատանքը ստուգելու խնդրանքով. «Երբ ես աշնան սկզբին հայտարարեցի, որ կան ռեկտորներ, որոնք դոկտորի եւ պրոֆեսորի աստիճանն ու կոչումները ստանալու հետ խնդիրներ կան, թե ինչպես են ձեռք բերել, երբեք անուններ չեմ նշել»։

Նրա խոսքով՝ դիմողը գիտությունների թեկնածու է եղել. «Նա զայրացած էր, ասաց՝ ես այդ մարդուն ճանաչում եմ, ինքը չէր կարող դիսերտացիա գրել։ Աշնան սկիզբն էր»։

Գոգյանը նշեց՝ Ազարյանի աշխատանքի համեմատումից հետո պարզվել է, որ 15 էջից ավելի տեքստի համընկնում կա։

Հարցին՝ ինչո՞ւ հենց Ազարյանի աշխատանքը ստուգվեց, արդյոք քաղաքական պատճառ կա, նա ընդգծեց՝ ինքը չի նախաձեռնել, իսկ գրագողության մասին դեռ փետրվարից է բարձրաձայնել. «Ես ուզում եմ ԲՈԿ–ի համար դիվիդենտներ շահել, որովհետեւ միշտ համարել եմ, որ գիտական աստիճանից պետք է զրկվի առանց արժանիքների այն ձեռք բերողը՝ ոչ միայն գրագողը, այլ նաեւ գիտական նորույթ չունեցողը։ Մեր օրենսգիրքը թույլ չի տալիս հետին թվով խստացնել պատիժը, բայց ես գիտական աստիճանից զրկելը չեմ համարում պատիժ»։

Հարցին՝ տեղեկություններ կան, որ Վճռաբեկ դատարանի դատավոր Լիլիթ Թադեւոսյանի աշխատանքը եւս արտագրված է, ինչո՞ւ նրանը չի ստուգվում, ԲՈԿ նախագահն ասաց. «Ոչ ոք չի եկել ԲՈԿ, դիմում չի գրել՝ խնդրելով ստուգել Լիլիթ Թադեւոսյանի աշխատանքը»։

Նա շեշտեց՝ ԲՈԿ–ն իր ղեկավարման ընթացքում բարձրաստիճան պաշտոնյայի բարեկամի ատենախոսություն ենք մերժել, սակայն դա չի բարձրաձայնվում։

Հարցին՝ այդ պարագայում ինչո՞ւ են պաշտոնյաները գնում դրան, գիտական կոչումներ ձեռք բերում կեղծիքներով, Գոգյանն ասաց. «Հոգեբանական պահ կա, որ երբ կյանքում գալիս է լճացում, դու սկսում ես հղփանալ եւ փորձում ես ոչ ոքից հետ չմնալ, եւ գիտական կոչումը դառնում է ինքնահաստատման մի փուլ։ Սա վերաբերում է ե՛ւ նախկին իշխանություններին, ե՛ւ գուցե ներկա իշխանություններին, ե՛ւ գուցե ապագա իշխանություններին։ Մինչեւ մենք չդառնանաք մի հասարակություն, որտեղ ազնվությունը շատ ավելի բարձր չի դասվում, քան հիմա է, եւ ավելի բարձր դասվի հասարակության ավելի շատ խավերի համար, մենք ունենալու ենք այն պատկերը, ինչ հիմա է»։

Հարցին՝ հնարավոր է Քոչարյանի կալանքը փոխած մյուս դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատանքն էլ ստուգվի, ԲՈԿ նախագահն ասաց. «Երջանիկ եմ, որ Դավիթ Գրիգորյանի հայրը ԵՊՀ–ում դեկան է եւ մասնագիտական խորհրդի գիտքարտուղար, երջանիկ եմ, որ այդ խորհուրդը փակել ենք մինչեւ Քոչարյանի կալանքի փոխման որոշումը կայացնելը»։

Հիշեցնենք, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը ավելի վաղ հայտարարել է, որ Ալեքսանդր Ազարյանն իր 160 էջանոց ատենախոսության մի մասն արտագրել է Վերաքննիչ դատարանի նախագահի Վազգեն Ռշտունու ատենախոսությունից։ Այսօր հրավիրվել էր ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ՝ գրագողության հարցերը քննելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ