ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Ռուսաստանը ներառել է երկրների ցուցակում, որոնց հետո տիեզերական արձակումների ոլորտում համագործակցությունը սահմանափակվում է, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:
Փաստաթուղթը կհրապարակվի մայիսի 31-ին ԱՄՆ Դաշնային ռեեստրում, այդ պահից այն ուժի մեջ կմտնի:
2022 թվականի դեկտեմբերի 31-ից Ռուսաստանի հետ համագործակցության համար կոմերցիոն արձակումների անցկացման դեպքում արգելք կդրվի, եթե ԱՄՆ պաշտպանության նախարարությունը համարի, որ այդ արձակումները սպառնալիքի տակ են դնում երկրի կիբերանվտանգությունը:
Ռուսաստանի համար կտարածվեն այն սահմանափակումները, որոնք նախկինում գործում էին Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Սիրիայի, Իրանի եւ Սուդանի համար:
Ռուսաստանում արձագանքել են սահմանափակումներին: «Ռոսկոսմոս»-ում հայտարարել են, որ Պենտագոնի արգելքն ամերիկացի արտադրողներին զրկում է Ռուսաստանի հետ աշխատելու հնարավորությունից եւ խոչընդոտում երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
«Պենտագոնն այդպիսով ցանկանում է փլուզել այն, ինչ դժվարությամբ ստեղծվել եւ պահպանվում է տիեզերական ոլորտում ռուս-ամերիկյան հարաբերություններում»,- «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է պետական կորպորացիայի հայտարարությունը:
Բացի այդ, կորպորացիան նշել է, որ այդ որոշումը կարող է բացասաբար ազդել կոմերցիոն հիմքով թիրախային ուղեծրի համար տիեզերանավերի արձակումների կազմակերպման հարցով միջազգային համագործակցության վրա: