News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը պատրաստվում է նոր նախագիծ դնել շրջանառության մեջ, որով հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց կարգելվի դառնալ պատգամավոր:

Պատգամավորը այսօր՝ հունիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում պատմեց, թե ինչու է այդպիսի մտահաղացում իր մոտ առաջացել. «Ես իմ պարտքն եմ համարում, որ երբ վստահության քվե եմ ստացել հանրության կողմից այստեղ ներկայացնելու իրենց իրավունքները, առաջիկա 5 տարվա մեջ անել այնպիսի փոփոխություններ, որ հինգ տարի հետո ՀՀ-ն ունենա էլ ավելի լավ Ազգային ժողով, եւ է՛լ ավելի լավ կառավարություն: Դրա համար անհրաժեշտ բոլոր՝ թեկուզ ցավոտ փոփոխությունները, ես պատրաստ եմ ինքս նախաձեռնել եւ առաջնորդել՝ անկախ նրանից, թե դա ինչ արձագանք կունենա: Ես կարծում եմ, որ մենք մանդատ ենք ստացել այստեղ գալու՝ հենց փոփոխություններ կատարելու, երբեմն նույնիսկ հեղափոխական փոփոխություններ անելու համար, եւ դրանցից մեկը համարում եմ դա»:

Պատգամավորի համար զարմանալի է, որ շատ պաշտոններում որոշակի հիվանդությունների դեպքում անգործունակ են ճանաչվում, իսկ օրենսդիրում նման պահանջ չկա. «Գոյություն ունեն պաշտոններ, որոնց համար որոշակի հիվանդությունների դեպքում անգործունակ են ճանաչվում եւ թույլ չի տրվում աշխատել՝ դատավորներ, դատախազներ, ուսուցիչներ: Եթե դատավորն ու դատախազը չեն կարող աշխատել, ինչպե՞ս կարող է օրենսդիր մարմնում լինի մարդ, ով չի անցել այդ ստուգումների միջով եւ կարող է օրենքի նախագիծ բերել, քվեարկել եւ այլն»:

Քրիստինե Պողոսյանը նաեւ պարզաբանեց, որ հիմա գործընկերների հետ աշխատում է նախագծի վրա, որոշ փոփոխություններ է արել. «Ես երկու կետ եմ ավելացրել՝ պարտադիր բարձրագույն կրթությունը եւ հոգեկան խնդիրների հարցով ստուգումները»։

 Հարցին՝ արդյոք այս նախագիծը պայմանավորվա՞ծ է Գեւորգ Գորգիսյանի հետ վերջին վեճով, պատգամավորը բացասական պատասխանեց. «Իսկ Գեւորգ Գորգիսյանը առողջության հետ խնդիրնե՞ր ունի, չէ, բացարձակ, Գեւորգ Գորգիսյանը հետ խնդիրները ԱԱԾ տիրույթում են»:

Նաեւ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ–որ խնդի՞ր է նկատել, պատգամավորները անհավասակշիռ պահվածք են դրսևորել, նա հարցով պատասխանեց. «Իսկ դուք չե՞ք նկատել։ Ցավում եմ միայն, որ օրենքը հետադարձ ուժ չի ունենա»։

Հարցին՝ եթե ունենար հետադարձ ուժ, շատե՞րը կզտվեին, պատգամավորը պատասխանեց. «Եթե հետադարձ ուժ ունենար, ինձ թվում է՝ անակնկալներ կլինեին»:

Պատգամավորը նաեւ ասաց, որ պատրաստ է ինքն առաջինն անցնել այդ ստուգումը։

Նա պարզաբանեց, որ հոգեբանական թեստը պետք է անցնեն պատգամավորի թեկնածուները, որոնք կարող են ընտրվել պատգամավոր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ