
Անցած տարիներին ԵՏՄ-ն ապացուցել է իր կայացած լինելը՝ առանցքային տնտեսական ցուցանիշներով դրական դինամիկա գրանցելով: Հունիսի 10-ին «ԵՏՄ-ում Հայաստանի նախագահության տարի. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նրա խոսքով՝ շատ ոլորտներում կարեւոր որոշումներ են ընդունվել: «2018 թվականին ԵՏՄ երկրներում տնտեսական ցուցանիշների համոզիչ աճ է գրանցվել, ընդ որում՝ 2017 թվականի համեմատության ներքին շուկայում վաճառքը մեծացել է 9,2 տոկոսով, իսկ երրորդ երկրների հետ՝ 18,8 տոկոսով: Ընդ որում՝ արտահանումն աճել է 26,8 տոկոսով»,- հավելեց նախարարը:
ԱԳ նախարարը նշեց, որ դրա հետ մեկտեղ Հայաստանը հնարավորություն է ստացել ոչ միայն ազդելու ԵՏՄ մարմիններում օրակարգի ձեւավորմանը, այլեւ առաջ մղելու սեփական առաջնահերթությունները՝ դրանով դրսեւորելով մեծ նախաձեռնողականություն: