News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Միացյալ Թագավորության Պահպանողական կուսակցության նախագահի եւ վարչապետի ընտրարշավում ֆավորիտ համարվող Բորիս Ջոնսոնը ընտրություններում հաղթանակի դեպքում մտադիր է պայմանավորվել ԱՄՆ-ի հետ ազատ առեւտրի ռեժիմ սահմանելու հարցում՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո։ Այս մասին, հղում կատարելով Ջոնսոնի՝ անունը չնշած օգնականին, տեղեկացնում է The Times թերթը։

Թեկնածուի շրջապատում համոզված են, որ ԱՄՆ-ի հետ առեւտրային համաձայնագրի ստորագրումը թույլ կտա Մեծ Բրիտանիային ցուցադրել համաշխարհային շուկայի գործընկերներին, որ երկիրը լուրջ մտադրություններ ունի եւ կարող է նոր պայմանագրեր կնքել։ «Խնդրի լուծումը ԱՄՆ-ն է,- Ջոնսոնի թիմի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է պարբերականը։- Եթե մենք պայմանավորվենք Ամերիկայի հետ առեւտրային գործարքի մասին, ապա կկարողանանք շատ արագ կնքել նաեւ այլ պայմանագրեր շուկայում։ Դա մյուսներին ցույց կտա, որ մենք լուրջ ենք տրամադրված»։

Նշվում է, որ որպես Միացյալ Նահանգներ Ջոնսոնի պաշտոնական այցելության ժամկետ դիտարկվում է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանի բացումը, որը նախատեսված է սեպտեմբերի 17-ին, բայց, ըստ «Թայմսի», դա կարող է նաեւ ավելի շուտ տեղի ունենալ։ Ինչպես սպասվում է, ընտրարշավի ֆավորիտը մտադիր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կնքել «սահմանափակ համաձայնագիր որոշակի ոլորտի ապրանքների առեւտրի մասին մինչեւ հոկտեմբերի 31-ը, ինչպես նաեւ նշել լիածավալ առեւտրային համաձայնագրի սահմանները»։

«Կասկած չկա, որ երբ մինչեւ հոկտեմբերի 31-ը մենք դուրս գանք (ԵՄ-ից), պետք է հասած լինենք որոշակի համաձայնության ԱՄՆ-ի հետ»,- ամփոփել է Ջոնսոնի օգնականներից մեկը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Հուլիսի 10-ին The Independent թերթը տեղեկացրել էր, որ բրիտանա-ամերիկյան բանակցությունների ռաունդը Brexit-ից հետո առեւտրի մասին չեղարկվել էր հուլիսի 9-ին՝ Լոնդոնի եւ Վաշինգտոնի հարաբերությունների լարման ֆոնին՝ կապված ԱՄՆ-ում Բրիտանիայի դեսպան Քիմ Դերոքի արտահայտությունների արտահոսքի հետ։ Դա տեղի է ունեցել անգամ չնայած այն բանին, որ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը նախապես հասկացրել էր, որ Դերոքը չի մասնակցի բանակցություններին։

Մեծ Բրիտանիան պետք է ԵՄ-ից հեռանա 2019-ի մարտի 29-ին, այսինքն՝ գրավոր ծանուցում տալուց երկու տարի հետո։ Սակայն բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատը երեք անգամ մերժել է Brexit-ի պայմանների մասին համաձայնագրի նախագիծը, որին վարչապետ Թերեզա Մեյը հասել էր եվրոպական առաջնորդների հետ բանակցությունների ընթացքում։ Արդյունքում՝ ԵՄ-ը համաձայնել է Brexit-ը տեղափոխել ապրիլ-մայիս, հետո՝ հոկտեմբերի 31։

Մայիսի 24-ին Մեյը սկզբում Պահպանողական կուսակցության նախագահի, հետո վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց։ Ընտրարշավի հաղթողի անունը կհայտարարվի հուլիսի 23-ին։ Հանթից բացի դրան մասնակցում է արտաքին գործերի նախկին ղեկավար, եվրաթերահավատ Բորիս Ջոնսոնը, որը համարվում է հաղթանակի գլխավոր հավակնորդը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ