News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 23
USD
475.91
EUR
527.4
RUB
7.25
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսի հրաժարականի հնարավորությունն առաջիկայում, գուցե մինչեւ ամառվա վերջ։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է NBC հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ Թրամփը «հիասթափված է, թե ինչպես է Ռոսը ղեկավարում Բնակչության մարդահամարի գրասենյակը, որն առեւտրի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումն է եւ «իր դաշնակիցներին զանգահարում է Սպիտակ տան սահմաններից դուրս՝ քննարկելով Ռոսին փոխելու հնարավորությունն արդեն այս ամռանը», հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Սպիտակ տան ղեկավարի դժգոհությունն առաջ է եկել 2020 թվականին բնակչության մարդահամարի անցկացման ժամանակ ԱՄՆ քաղաքացիների մասին հարցը ներառելու ջանքերի ձախողման հետ կապված։ Հեռուստաընկերությունն ընդգծում է, որ ավելի վաղ Թրամփն արդեն զայրացել էր 81-ամյա նախարարի գործունեությունից, մասնավորապես՝ նրա անբավարար կոշտությունից Չինաստանի հետ առեւտրային բանակցությունները վարելիս։ Այնուամենայնիվ, նախագահը մինչեւ վերջերս աջակցում էր Ռոսին, որի հետ վաղեմի ընկերական հարաբերություններ ունի, եւ որը նրա աշխատակազմի անդամն է 2016-ի ընտրություններից գրեթե անմիջապես հետո։

Սակայն, նշում է NBC-ն, հունիսի 27-ին ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումից հետո՝ մերժել վարչակազմին քաղաքացիության հարցն ավելացնել մարդահամարի թերթիկներում բավարար հիմքերի բացակայության պատճառով, Թրամփը հասկանալ է տվել իր շրջապատին, որ կցանկանար առեւտրի նախարարի պաշտոնին տեսնել «ավելի կոշտ ղեկավարի»։ Եվ թեեւ Թրամփն առայժմ չի առաջարկել կոնկրետ թեկնածուներ, հեռուստաընկերությունը, վկայակոչելով աղբյուրները, հնարավոր հավակնորդների մեջ նշում է Ռեյ Ուոշբեռնին (տեխասցի ռեստորանատեր եւ կառուցապատող, որը Թրամփի կողմից նշանակվել եւ մինչեւ ս.թ. մարտի 1-ը ղեկավարել է Արտասահմանյան մասնավոր ներդրումների կորպորացիան)։

Նախագահի աշխատակազմը չի մեկնաբանել NBC-ին Ռոսի հնարավոր հրաժարականը։

Քաղաքացիության մասին հարցը

ԱՄՆ-ում բնակչության մարդահամարն անցկացվում է 1790 թվականից, յուրաքանչյուր 10 տարին մեկ։ 2020-ին այն տեղի կունենա արդեն 24-րդ անգամ։ Մարդահամարը կընդգրկի մոտ 143 մլն տնային տնտեսություն։ Մարդահամարին մասնակցությունը պարտադիր է, իսկ թերթիկների բովանդակությունը՝ գաղտնի։

ԱՄՆ արդարադատության նախարարությունն անցած տարվա հունվարից դիտարկում էր մարդահամարի թերթիկում 2020 թվականին քաղաքացիության մասին կետի ներառումը։ Մի շարք ԶԼՄ-ներ եւ փորձագետներ կարծիք էին հայտնում, որ նման սյունակի ներառումը կարող է հանգեցնել այն բանին, որ շատ լատինամերիկացիներ, որոնք անլեգալ գտնվում են ԱՄՆ-ում, կանտեսեն մարդահամարը, ինչը կազդի դրա ճշգրտության վրա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել