News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 20
USD
475.91
EUR
528.16
RUB
7.12
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը


Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն աշխատում է իր հաստատած գրաֆիկով, իսկ թե պաշտոնյաները երբ կգան, երբ չեն գա, դա հիմա քննարկելու թեմա չէ: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նրա խոսքով, ամենակարեւորը նախապատրաստական փուլն է, որը համարյա ավարտին է մոտենում. ««Արդեն պատրաստվում ենք քննելու փուլին: Քննելու փուլը լիարժեք կիրացվի, երբ հանձնաժողովի անդամները մշտապես կլինեն Երեւանում: Երբ մենք պատրաստ լինենք մարդ կանչելու, կասկած չունենաք, աշխարհի որ ծայրում էլ լինեն հանձնաժողովի անդամները, նրանք կգան եւ կմասնակցեն այդ նիստերին»,-ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ այդ փուլը կսկսվի մինչեւ սեպտեմբեր:

«Մենք հիմա փաստաթղթերն ենք ուսումնասիրում, որ ճիշտ հարցեր տանք»,-ընդգծեց հանձնաժողովի նախագահը:

Հարցին, թե ինչ է անելու հանձնաժողովը, եթե նախկին պաշտոնյաներն անտեսեն հանձնաժողովի հրավերն ու չգան, նա պատասխանեց. «Լավ չեմ պատկերացնում հրաժարվելու դրդապատճառները, որովհետեւ այստեղ բարոյականության խնդիր կա: Հրաժարվել նշանակում է թաքցնել: Չեմ կարծում, որ որեւէ մեկը կընտրի այդ ճանապարհը»:

Քոչարյանը նշեց, որ փաստաթղթեր ուսումնասիրելու ընթացքում ուշագրավ նորություններ ի հայտ եկել են, սակայն կոնկրետ իր համար անակնկալներ չեն եղել. «Ինձ համար ոչ այնքան անակնկալ են եղել, բայց կարծում եմ՝ հանձնաժողովի անդամների մի մասի համար գուցե այո»:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ