News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կառավարության շենքի դիմաց հուլիսի 8–ից հացադուլ անող, նախկին զինվորական Ցոլակ Խաչատրյանն այսօր՝ հուլիսի 24-ին, դադարեցրել է հացադուլը։ NEWS.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ այսօր առաջին անգամ իրեն մոտեցել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը եւ ասել, որ վաղը իր հարցին լուծում կտրվի։

«Մոտեցավ, հարցրեց՝ ինչո՞ւ եմ հացադուլի մեջ, ես հիմնավորեցի։ Գնաց ու մոտ կես ժամից վերադարձավ եւ ասաց՝ ՊՆ-ի հետ էլ եմ խոսել, վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ էլ եմ խոսել, վաղը քո խնդրի պատասխանները հարյուր տոկոս ուղարկելու են»,- պատմեց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ ինքը սկզբում չի համաձայնել դուրս գալ հացադուլից, քանի որ իրեն մի անգամ արդեն խաբել են, սակայն Կարապետյանը վստահեցրել է, որ վաղը պատասխանը հաստատ լինելու է։ «Ասաց՝ ախպեր, չգիտեմ՝ քեզ ով է խաբել, բայց ես իմ ասածի տերն եմ, չեմ կարող ասել, թե ինչ պատասխան կլինի, բայց որ լինելու է, միանշանակ է»,-ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով, եթե այս անգամ էլ իրեն խաբեն, վերսկսելու է հացադուլը եւ դիմի ծայրահեղ քայլերի։

«Եթե այս անգամ էլ ինձ խաբեն ու իմ հարցին լուծում չտան, վերսկսելու եմ հացադուլը, ավելին՝ ինձ վնաս կտամ, որ հասկանան՝ չի կարելի նման կերպ վարվել մարդկանց հետ»,- ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ նախկին զինվորական Ցոլակ Խաչատրյանը կառավարության շենքի դիմաց երկրորդ անգամ հացադուլ է սկսել հուլիսի 8-ին։ Նա նախարարությունից պահանջում է իրեն հասանելիք արձակուրդայինի եւ զորացման գումարները։

Տպել
Ամենաշատ