News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Իրավական հանրության շրջանում լուրջ մտահոգությունների տեղիք է տվել Սահմանադրական դատարանին վերաբերվող փոփոխությունների նախագիծը՝ որով ՍԴ ներկա դատավորներին հրաժարական տալու դիմաց առաջարկում են նյութական շահագրգռվածություն և այլ երաշխիքներ։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում առկա այս և այլ խնդրահարույց դրույթների շուրջ NEWS.am–ը զրուցել է սահմանադրագետ Արամ Վարդևանյանի հետ։

Նախատեսվող փոփոխությունները ի՞նչ ազդեցություն են ունենալու մեր պետության համար։

Փոփոխությունների նախագիծը սահմանադրաիրավական տիրույթում դիտարկել հնարավոր չէ, քանի որ այն բացառապես քաղաքական բնույթ ունի։  Անընդունելի է նման ձևակերպումներով դատական համակարգի մասին խոսելը։ Սա կարող է նախադեպ դառնալ, որպեսզի նման բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձինք վերաբերվեն իրենց աշխատանքին սոսկ, որպես աշխատավարձ պարունակող աշխատանք, մինչդեռ ՍԴ դատավորի աշխատանքը, միայն աշխատավարձի դիմաց կատարվող աշխատանք չէ, այլ առաքելություն։ Պատկերացրեք՝ ինչպիսի՞ արձագանք և ընկալում կլինի հանրության կողմից, եթե դատավորները համաձայնեն նման պայմաններով հրաժարվել իրենց պաշտոնից։ Սա Հայաստանի  իրավական համակարգի համար լրջագույն ռիսկեր պարունակող երևույթ է։ Նման առաջարկը ոչ միայն վիրավորական է, այլև ոտնձգություն է ՍԴ դատավորի արժանապատվությանը։

Արդյոք սահմանադրական են նախատեսվող փոփոխությունները, դրանց արդյունքում ՍԴ-ն կարո՞ղ է լինել օբյեկտիվ ու վստահություն ներշնչող:

Նման փոփոխությունների արդյունքում ցանկացած մարմին, որը կձևավորվի, իհարկե, չի կարող լինել օբյեկտիվ։ Բացի այդ, սրանով մենք նախադրյալներ ենք ստեղծում, որպեսզի ՍԴ նոր կազմը ձգտի նման օրենսդրական արտոնություններ ստանալուն. բոլորը մտածելու են՝ ե՞րբ է գալու այն պահը, որ իրենք պաշտոնից հրաժարվեն և 10 տարի շարունակեն ստանալ աշխատավարձ։ Ի վերջո՝ Սահմանադրական դատարանը քաղաքական մարմին չէ և քաղաքական գործընթացներով չէ, որ պետք է կազմավորվի Սահմանադրական դատարանը։

Սահմանադրական դատարանի անդամներին հրաժարական տալու դիմաց հետագայում ևս աշխատավարձ տալու և սոցիալական երաշխիքներ վերապահելու դրույթը նման է այլընտրանքային կաշառքին։ Համամի՞տ եք այս բնորոշման հետ։

Այո, նման բնորոշում կարելի է տալ։ Ի վերջո, մենք գործ ունենք արդարադատություն իրականացնող մարմնի հետ, իսկ նման մարմնի հետ նման մեթոդներով, առաջարկներով շփումն անընդունելի է։ Սա լրջագույն ռիսկեր է պարունակում նաև պետական բյուջեի միջոցների տնօրինման տեսանկյունից։ Խոսքը բավականին մեծ գումարների մասին է, եթե միջինացված վերցնենք, մոտավոր հաշվարկներով կես մլրդ դրամից ավելի հավելյալ գումար է կազմելու, իսկ նման իրավիճակու հարց է առաջանում, թե սրանով ի՞նչ նպատակի ենք ուզում հասնել։ Սակայն նախագիծը նաև դրական կողմ ունի. ի վերջո, սրանով փարատվեց Սահմանադրական դատարանի «անդամ» և «դատավոր» եզրույթների շուրջ ամիսներ տևած բանավեճը։ Կառավարության պաշտոնական դիրքորոշումը վերաբերվում է բացառապես Սահմանադրական դատարանի դատավորներին և այն տեսակետը, որը առաջ էր քաշում Վահե Գրիգորյանն իր հայտնի նամակում,  փաստորեն կառավարությունը չկիսեց։

Ի՞նչ վտանգներ է պարունակում ՍԴ դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դեպքում նրանց լիազորությունների կասեցման վերաբերյալ օրենսդրական առաջարկը:

Սա չափազանց վտանգավոր, Սահմանադրությանը հակասող և անվավեր ձևակերպում է, և ես հույս ունեմ, որ այս փաթեթը կներկայացվի նաև  Վենետիկի հանձնաժողովին, որն էլ այս հարցին  շատ կտրուկ արձագանք կտա։ Ի վերջո, ՍԴ դատավորի լիազորությունները պարզպես քննիչի որոշմամբ  կասեցնելը լուրջ ռիսկեր է պարունակում նաև իշխանությունների տարանջատման տեսանկյունից։ ԻՆչպե՞ս կարելի է հնարավորություն ստեղծել, որ քննիչի որոշմամբ ՍԴ–ն կաթվածահար լինի, սրա նպատակը ո՞րն է։ Սա նման է այն երևույթին, ինչ տեղի ունեցավ դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ։ Այս դատավորի նկատմամաբ քրեական հետապնդում հարուցելու որոշումից հետո թվում էր, թե մենք այնպիսի օրենսդրական երաշխիքներ պետք է ստեղծենք, որ խուսափենք նման երևույթներից, բայց արի ու տես մենք զարգացնում ենք այդ նախադեպը՝ տարածելով այն մյուս դատական մարմինների վրա։

Տպել
Ամենաշատ