News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պակիստանը ներկայումս ունի ցամաքում, օդում եւ ծովում միջուկային նյութերի տեղափոխման միջուկային «տրիադա»: Կարծիք կա, որ Իսլամաբադն ամերիկյան F-16A կործանիչները եւ հնարավոր է՝ ֆրանսիական Mirage կործանիչներն արդիականացրել է միջուկային ռումբերի տեղափոխման համար, հայտնում է The National Interest-ը:

Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի եւ Աֆղանստանի միջեւ գտնվող Պակիստանը անվտանգության բազմաթիվ խնդիրներ ունեցող բարդ շրջանում է ապրում: Նա  հայտնի 9 պետություններից մեկն է, որը միջուկային զենք ունի: Պակիստանի միջուկային զինանոցը եւ դոկտրինը մշտապես զարգանում են, որ համապատասխանեն հնարավոր սպառնալիքներին: Տասնամյակներ շարունակ լինելով միջուկային տերություն՝ Պակիստանը հիմա փորձում է ստեղծել սեփական կիջուկային տրիադա՝ իր միջուկային զինանոցը դարձնելով կայուն եւ պատասխան հարվածներ հասցնելուն ունակ:

Պակիստանի միջուկային ծրագիրը ծագում է 1950-ական թվականներից՝ Հնդկաստանի հետ նրա մրցակցության առաջին տարիներից: Ինչպես հայտնի է, երկրի նախագահ Զուլֆիկար Ալի Բհուտոն 1965 թվականին ասել էր. «Եթե Հնդկաստանը ռումբ ստեղծի, մենք խոտ կամ տերեւ կուտենք, անգամ քաղցած կմնանք, բայց մեր սեփականը կստեղծենք»:

Այս ծրագիրն ավելի առաջնահերթ է դարձել այն բանից հետո, երբ երկիրը պարտվեց 1971 թվականին, որի հետեւանքով Արեւելյան Պակիստանն առանձնացավ եւ դարձավ Բանգլադեշ: Փորձագետների կարծիքով՝ տարածքի ստորացուցիչ կորուստը մեծապես արագացրեց Պակիստանի միջուկային ծրագիրը: Հնդկաստանը 1974 թվականի մայիսին իրականացրեց «Ժպտացող բուդդա» գաղտնագրային անվանումով իր առաջին ռումբի փորձարկումը՝ ստիպելով ենթամայրցամաքին կանգնել միջուկային զենքի ստեղծման ճանապարհի վրա:

Պակիստանը սկսեց միջուկային զենքի համար անհրաժեշտ վառելիքի, հարստացված ուրանի եւ պլուտոնիումի կուտակումը: Երկրին առանձնապես օգնեց արեւմուտքում աշխատած մետաղագործ Ա. Կ. Խանը, որը երկիր վերադարձավ 1975 թվականին ցենտրիֆուգների նախագծերով եւ գործնական կապերով, որոնք անհրաժեշտ էին հարստացման գործընթացն սկսելու համար: Պակիստանի ծրագրին օգնեցին եվրոպական երկրները, ինչպես նաեւ սարքավորման ձեռքբերման գաղտնի ծրագիրը, նախատեսված այն նպատակի համար, որպեսզի դադարեցվեն չտարածման ջանքերը:

Երկրի նախկին նախագահ Բենազիր Բհուտոն՝ Զուլֆիկար Բհուտոյի դուստրը, պնդում էր, թե հայրն իրեն ասել է, որ առաջին միջուկային սարքը պատրաստ էր 1977 թվականին: Պակիստանյան ատոմային էներգիայի հանձնաժողովի անդամն ասել էր, որ ռումբի նախագիծն ավարտվել է 1978 թվականին, եւ ռումբն անցել է «սառը փորձարկում»:

Բենազիր Բհուտոն ավելի ուշ պնդում էր, որ պակիստանյան ռումբերը չհավաքած վիճակում պահվել են մինչեւ 1998 թվականը, երբ Հնդկաստանը 3 օրում 6 ռումբի փորձարկում անցկացրեց:  Գրեթե 3 շաբաթ հետո Պակիստանում իրականացվեց արագաձիգ փորձարկումների համանման ժամանակացույց, որի արդյունքում պայթեցվեց 5 ռումբ մեկ օրում եւ վեցերորդ ռումբը՝ 3 օր անց:

Փորձագետները կարծում են, որ Պակիստանի միջուկային պաշարներն անշեղորեն աճում են: 1998-ին պաշարը գնահատվում էր 5-25 սարքերի սահմանում՝ կախված նրանից, թե որքան հարստացված ուրան է պահանջվում ամեն մի ռումբի համար:

Այսօր Պակիսատնում, ըստ գնահատականների, 110-130 միջուկային ռումբ կա:

2015-ին Քարնեգիի Հանուն միջազգային խաղաղության հիմնադրամը եւ Սթիմսոնի կենտրոնը գնահատել են տարեկան 20 ռումբ արտադրելու Պակիստանի կարողությունը, ինչն ի լրումն ներկա պաշարների, նշանակում է, որ Պակիստանը կարող է արագ դառնալ աշխարհի 3-րդ միջուկային տերությունը:

Մյուս վերլուծաբանները, սակայն, կարծում են, որ մոտ ապագայում Պակիստանը կարող է եւս 40-50 մարտագլխիկ ստեղծել:

Պակիստանյան միջուկային զենքը ռազմավարական ծրագրերի ռազմական բաժնի վերահսկողության տակ է գտնվում եւ հիմնականում պահվում է Փենջաբ նահանգում: 10 հազար պակիստանցի զինվորները եւ ռազմավարական ծրագրերի ռազմական բաժնից հետախույզները պահպանում են զենքը:

Պակիստանի միջուկային դոկտրինը, կարծես թե, ուղղված է Հնդկաստանին զսպելուն: Միջուկային դիմակայությունը խորանում է երկու երկրների միջեւ ավանդական թշնամության, մի քանի պատերազմների պատճառով, որոնց մասնակցել են երկու երկրները եւ այնպիսի իրադարձությունների, ինչպիսին Մումբայում 2008 թվականի ահաբեկչական հարձակումն էր:

Ի տարբերություն հարեւան Հնդկաստանին եւ Չինաստանին, Պակիստանը չունի դոկտրին, որը նախատեսում է առաջինը միջուկային զենք չկիրառել եւ իրեն իրավունք վերապահի օգտագործել միջուկային զենքը, հատկապես փոքր հզորության մարտավարական միջուկային զենք, որպեսզի փոխհատուցի սովորական զինված ուժերում Հնդկաստանի գերակայությունը:

Պակիստանը ներկայումս ունի ցամաքում, օդում եւ ծովում տեղակայված միջուկային նյութերի տեղափոխման միջուկային «տրիադա»: Համարվում է, որ Իսլամաբադը ձեւափոխել է F-16A ամերիկյան կործանիչները եւ հնարավոր է՝ նաեւ միջուկային ռումբերի մատակարարման Mirage կործանիչները:

Մատակարարման ցամաքային համակարգերն ունեն հրթիռի ձեւ, ընդ որում շատ կոնստրուկցիաներ հիմնված են չինական եւ հյուսիսկորեական մշակումների վրա կամ դրանց ազդեցությամբ:

Պակիստանը մշակում է նաեւ միջին հեռահարության Shaheen III հրթիռը, որը կարող է մինչեւ 1708 մղոն հեռավորության վրա խոցել թիրախները՝ Նիկոբարյան եւ Անդամանյան կղզիներին հարվածելու համար:

Պակիստանի միջուկային ուժերի ծովային բաղադրիչը կազմված է «Բաբուր» թեւավոր հրթիռներից: Վերջին տարբերակը՝ Babur-2-ը, նման է 434 մղոն հեռավորությամբ ժամանակակից թեւավոր հրթիռների մեծ մասին:

Babur-2-ը տեղակայված է ինչպես ցամաքում, այնպես էլ ծովում նավերի վրա, որտեղ դրանք չեզոքացնելն ավելի դժվար կլինի:

Պակիստանն ակնհայտ զարգացնում է հզոր միջուկային ներուժ, որը կարող է ոչ միայն կանխել, այլեւ միջուկային պատերազմ վարել: Այն զբաղվում է նաեւ ներքին անվտանգության հարցերով, որոնք կարող են սպառնալ նրա միջուկային զինանոցի ամբողջականությանը:

Պակիստանը եւ Հնդկաստանը վաղուց են միջուկային սպառազինությունների մրցավազքում գտնվում, որը համեմատական արտահայտությամբ կարող է հանգեցնել սառը պատերազմը հիշեցնող անհեթեթության հասնող միջուկային պաշարների: Պարզ է, որ ենթամայրցամաքի համար սպառազինությունների վերահսկման համաձայնագիրը խիստ անհրաժեշտ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ