News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 23
USD
476.26
EUR
522.98
RUB
7.44
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Ինձ վրդովեցրեց, որ այսօրվա հանդիպումն ուղիղ եթեր չի հեռարձակվել, քանի որ այն ազգին վերաբերվող հարց է։ Բացի այդ՝ փակ էին Բաղրամյան 26–ի ոչ միայն դարպասները, որը խոստացվել էր, որ ժողովրդի համար միշտ պետք է բաց լինի, այլ նաեւ փակ էր մայթը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, ասել է ակտիվիստ Միքայել Մարգարյանը, որը Բաղրամյան պողոտայից բերման էր ենթարկվել, ապա ազատ արձակվել։

Նրա խոսքով՝ ոստիկանների ուղեկցությամբ շարժվել են ԱԺ, որպեսզի շարունակեն իրենց ակցիան, սակայն այնտեղ եւս թույլ չեն տվել մուտք գործել ԱԺ բակ։

«Համարում եմ, որ մենք այլ ելք չունեինք, քան փակել փողոցը։ Բաղրամյանը փորձեցինք փակել, փորձեցինք ժողովրդի ուշադրությունը գրավել այս խայտառակ իրավիճակին։ Մեզ բերման էին ենթարկել հենց փողոցը փակելու համար։ Այստեղ նշվում է ոստիկանի օրինական պահանջը չկատարելը, բայց ոստիկանության պահանջն ապօրինի էր, օրինական չէր եւ մենք իրավունք ունեինք ե՛ւ հավաք անելու ե՛ւ փողոց փակելու, ոնց մեզ հորդորել, սովորեցրել է, ազգին սովորեցրել է մեր ներկայիս վարչապետը։ Բավականին կոպիտ ձեւով ոստիկանությունը բերման է ենթարկել եւ արդեն այստեղ ամեն ինչ օրենքի տառին համապատասխան»,– ասել է բերման ենթարկվածներից Միքայել Մարգարյանը։

Նրա խոսքով՝ սա երկրորդ դեպքն է, երբ ինքը հանդիպում է ոստիկանական կոպիտ գործողությունների նոր իշխանությունների ժամանակ։

«Առաջինը դա «Սասնա Ծռերի» դատավարության ժամանակ էր, երբ մենք ոստիկանական կոշտ ուժերի հանդիպեցինք՝ գիշերը ժամը 5–ին, առանց զգուշացնելու։ Կարծում եմ դա իրենց համար փորձ էր։ Այսօրվա Հայաստանում այդպիսի վարվելակերպ չպետք է լինի։ Երբ ոստիկանին ասում ես՝ խնդիր չկա, ես պատրաստ եմ բերման ենթարկվել, եթե համարում եք, բայց մի կոպտեք, ու թեւ են ոլորում, ձեռքից հեռախոս են ուզում խլել, երբ դու ուղիղ եթեր ես անում, հեռախոսս վայր ընկավ, ավելին՝ հիմա ներսում կապտուկներով մարդ կա»,– ասել է Մարգարյանը։

Նա անդրադարձել է նաեւ բերման ենթարկվածներից Գեղամ Ադյանին, որի ինքնազգացողությունը բաժնում վատացել էր եւ տեւական ժամանակ քննարկելուց հետո նոր միայն թույլ էին տվել շըապ օգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց։

«Սիրտն էր վատացել տղայի, սրտից հիվանդ երիտասարդ է։ Ասում ենք՝ ջուր տվեք, պատասխանում են՝ թող գնա, պուլպուլակից խմի, այդ կարգի արտահայտություններ էր։ Կարծում եմ ոստիկանությունը դեռ հին իներցիայի տակ է»,- ասել է ակտիվիստը։

Նրա խոսքով՝ սա իրենց մեջ վախ չի առաջացրել, եւ պատրաստ են կրկին փողոց փակել։

«Ամոթ է՝ մենք ասենք, որ վախենում ենք ներկայիս ոստիկանությունից, ո՛չ, վարչապետը եւ ոստիկանապետը պետք է վախենան ժողովրդից։ Վերջապես պետք է վախենան ժողովրդից եւ հաշվի նստեն ժողովրդի պահանջին, իսկ այսօր պահանջ կա՝ Ամուլսարը չշահագործելու»,–ասաց Մարգարյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 19-ին, Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության անդամների, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների, Ջերմուկ համայնքի ավագանու անդամների, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչների, կրթական եւ առողջարանային հաստատությունների ներկայացուցիչների, բնապահպանների հետ քննարկել է Ամուլսարի հանքի շահագործման հարցը:

Միաժամանակ Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա էր ընթանում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման: Բողոքի ակցիայի մասնակիցներն ավելի ուշ ցանկացել են հանրային քննարկում անցկացնել ԱԺ այգում, սակայն նրանց դա թույլ չեն տվել: Քաշքշոց է սկսվել ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ, կարմիր բերետավորները բռնի ուժ կիրառելով բերման են ենթարկել 6 ցուցարարների, այդ թվում բնապահպաններ Անի Խաչատրյանին, Գեղամ Ադյանին: Քաշքշոցի ընթացքում գետնին է տապալվել քաղակտիվիստ, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:

Տպել