News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի օգնականի՝ Սաուդ ալ Կահթանիի անհետացումը, որը նաեւ մեկն է, ով ենթադրաբար հանցակից է սաուդցի լրագրող Ջամալ Խոշագջիի սպանությանը Ստամբուլում, մինչ օրս հանելուկ է մնում, գրում է Middle East Eye-ը։

«Կահթանին սպանությունից հետո ազատվել էր, նա հանրությանը կամ սոցցանցերում չի հայտնվել, այն դեպքում, երբ սովորաբար շատ ակտիվ է եղել։

Օգոստոսի 28-ին Օսլոյում գտնվող պաղեստինցի փախստական եւ սաուդյան ռեժիմի քննադատ Իյադ ալ Բաղդադին Թվիթերում գրել էր, որ «տեղեկություն է ստացել այն մասին, որ Սաուդ ալ Կահթանին թունավորվել է Մուհամեդ բին Սալմանի հրամանով»։ Նա հավաստիացնում է, որ աղբյուրը ստույգ է։

Մեռա՞ծ է, թե՞ ողջ

Մի երկու ամիս առաջ Նորվեգիայի հատուկ ծառայություններն իրենց պաշտպանության տակ են վերցրել իրեն՝ Բաղդադիին, այն բանից հետո, երբ ԿՀՎ-ն նախազգուշացրել էր, որ նրա կյանքին կարող է վտանգ սպառնալ, քանի որ նա կարող է դառնալ սաուդյան ռեժիմի գործակալների թիրախը։

Ոչ Կահթանին, ոչ սաուդյան ռեժիմը չեն արձագանքել թվիթին եւ չեն հաստատել կամ հերքել այն։

Կահթանիի ողջ կամ թաքնված լինելու մասին համոզիչ ապացույցների բացակայության պարագայում մենք չենք կարող ենթադրել, թե Բաղդադիի հայտարարությունը սարքված է։

Արքայազն Մուհամեդը պատճառներ ունի, որոնց հետեւանքով Կահթանին կարող է անհետանալ Երկրի երեսից, քանի որ նրա անունը սերտորեն կապված է ոչ միայն Խոշագջիի սկանդալային սպանության հետ։

Կահթանին Ստամբուլում սպանության ոգեշնչողներից մեկն է համարվում։ Նա եղել է այն անձանց մեջ, որոնց արգելել են մուտքն ԱՄՆ, Մեծ Բրիտանիա եւ եվրոպական այլ երկրներ լրագրողի սպանությունից հետո։

Երիտասարդ, հավակնոտ եւ ագրեսիվ

Մոհամեդ բին Սալմանի նման՝ Կահթանին Սաուդ թագավորի համալսարանի շրջանավարտ է, որտեղ իրավունք է ուսումնասիրել։ Սաուդյան Արաբիայի անվտանգության քոլեջում իրավաբանի կարճ կարիերայից հետո Կահթանին կառավարություն մտցվեց Աբդալլահ թագավորի ավագ օգնական Խալիդ ալ Թուվայջրիի կողմից, բայց նրան մի կողմ մղեցին, եւ նա սրտում պահեց վիրավորանքը։

2017-ի աշնանը Կահթանիի անունը կապում էին բարձրաստիճան արքայազնների եւ էլիտար գործարարների զանգվածային ձերբակալությունների հետ՝ ենթադրվող հակակոռուպցիոն գործունեության շրջանակում։ Աբդալլահ թագավորի մի քանի որդիներ, օրինակ՝ Միթեյբը եւ մյուսները, նվաստացվեցին եւ կալանավորվեցին մի քանի ամսով։ Գուցե, Կահթանին սպասում էր, որպեսզի պատասխան հարված հասցնի եւ վրեժ լուծի Աբդալլահ թագավորի կառավարման ժամանակ իր սեփական նվաստացման համար։

Կահթանին եղել է թագավորական դատարանի խորհրդական՝ մինչեւ Մուհամեդ բին Սալմանը նրան նշանակեց զանգվածային լրատվամիջոցների խորհրդական եւ Սաուդյան Արաբիայի թագավորական դատարանի զանգվածային լրատվամիջոցների գործերի եւ հետազոտությունների կենտրոնի ղեկավար։ Ինչպես եւ արքայազն Մոհամեդ բին Սալմանը, Կահթանին երիտասարդ էր, հավակնոտ եւ ագրեսիվ սոցցանցերում, հատկապես Թվիթերում։

2017-ին Կահթանիի անունը հիշատակվեց նաեւ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի՝ Էր Ռիադում կալանավորվելու համատեքստում։

2018-ին կալանավորված իրավապաշտպան Լուժան ալ Հաթլուհի ազգականները տեղեկացրին, որ նա պատասխանատվություն է կրում աղջկա հանդեպ սեռական եւ ֆիզիկական բռնության համար։

Միստր Հեշթեգ

Կահթանիի ագրեսիվ հայտարարությունները սոցիալական ցանցերում ռեժիմը քննադատող շատ այլախոհների ստիպում է նրան անվանել միստր Հեշթեգ։ Նրան կնքել են «էլեկտրոնային ճանճերի բանակի»՝ կիբեռվախեցնողների թիմի հիմնադիր։

Կահթանին միշտ պնդել է, որ ցանկանում է երկիրն ազատել դավաճաններից եւ պետության թշնամիներից։ Մի անգամ նա գրել է Թվիթերում, որ «մարդիկ պետք է օգնեն կառավարությանը՝ ստեղծելու այն դավաճանների սեւ ցուցակը, որոնք քննադատում են իրեն եւ փչացնում իր հեղինակությունը»։

Նա «քաղաքացի իրազեկչի» եւ «քաղաքացի ոստիկանի» հովանավորն էր, քանի որ պահանջում էր, որպեսզի բոլոր սաուդցիները ներգրավված լինեն ազգի պաշտպանությանը մի քանի միջոցներով։

Սեւ ցուցակներում արտասահմանում քննադատողների եւ այլախոհների անունների ավելացումը դրանցից մեկն էր։ Կահթանին ստեղծում էր տվյալների շտեմարան, որում թվարկվում էին պատահական մարդկանց եւ ռեժիմը քննադատողների անունները՝ նրանց վերացման հնարավոր հեռանկարով։

Ծառայելով տիրոջը

Կահթանին պատասխանատու էր Սաուդյան Արաբիայի՝ որպես առաջադեմ, լիբերալ եւ բարգավաճ երկրի իմիջի հսկման համար։ Դրա համար նա դիմում էր մի քանի արեւմտյան փիառ-ընկերությունների օգնությանը։ Նա ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից անվանվել է Խոշագջիին վերացրած մահվան էսկադրոնի առաջնորդ։

Կահթանիի ագրեսիվ ազգայնական հռետորաբանությունը սերտորեն կապված էր անվտանգության հետ։ Նա մեղադրում էր թագավորությունը քննադատողներին դավաճանության մեջ եւ օգտագործում ուլտրաազգայնական հռետորաբանությունը, որպեսզի վախեցնի եւ ստիպի լռել նրանց։ Խոշագջին այդ քննադատողներից միայն մեկն էր։

Բայց Կահթանին միշտ կրկնում էր, որ պարզապես ծառայում է տերերին, երկու սուրբ մզկիթների Պահապանին, Սալման թագավորին ու նորին գերազանցություն թագաժառանգին։ Նա կանոնավորապես հիշեցնում էր իր հետեւորդներին Թվիթերում, որ միշտ հրամաններ է ստացել թագաժառանգից։

Եթե ապացուցվի, որ Կահթանին թունավորվել է, լրացուցիչ հարցեր կծագեն Մոհամեդ բին Սալմանի դերի հետ կապված Ջամալ Խոշագջիի սպանության հարցում։ Մերձավոր օգնականի սպանությունը նման է Խոշագջիի մարմնի անհետացմանը սպանությունից հետո։

Մուհամեդ բին Սալմանի ինտրիգները կարող են անվերջ լինել, բայց մնում է մի կարեւոր փաստ։ Սաուդյան հիերարխիայի գագաթին գտնվող մարդը, որին բախտ է վիճակված դառնալ ապագա թագավոր եւ որի ձեռքերին արյուն կա, նախկինի պես մեղադրվում է զզվելի հանցագործություններում եւ գուցե երբեք չի ապացուցի իր անմեղությունը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ