News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մենք այսօր չունենք քաղաքական համակարգ և չունենք քաղաքական դիսկուրս: Եվ ես շարունակում եմ պնդել, որ Հայաստանում չի եղել հեղափոխություն, եղել է անբովանդակ փոփոխություն: 168.am-ին   տված բացառիկ հարցազրույցում ասաց Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Պահանջվում էր հեղափոխություն, եղել է անբովանդակ փոփոխություն: Անբովանդակ փոփոխության հետևանքով մենք չունենք իշխանություն: Հայաստանի Հանրապետությունն անտեր է: Հայաստանի իշխանությունն ունակ չէ և չի ուզում ստանձնել իշխանության պատասխանատվությունը, քանի որ այդ պատասխանատվությունը ենթադրում է իշխանության ծանրություն և պատասխանատվություն որոշումների համար, որոնք իշխանությունը պարտավոր է կայացնել»,- ասաց Մինասյանը:

Ըստ Մինասյանի, Հայաստանի Հանրապետությունում չկա ընդդիմություն, որովհետև ընդդիմության հիմքում ռևանշիզմն է:

«Կա իշխանություն, որը պայքարում էր իշխանություն դառնալու համար, բայց չի ուզում դառնալ իշխանություն, մնում է ընդդիմություն և ընդդիմություն-իշխանություն ճանապարհի կեսին է: Անցել է ավելի քան 1.5 տարի, ճանապարհի կեսն անցել են և մնացել են այնտեղ, որովհետև այնտեղ ամենահարմար տեղն է: Գիտե՞ք՝ ինչու. օգտվում են իշխանության իրավունքներից, բայց չեն ստանձնում իշխանության պարտականությունները. ինքնաթիռից օգտվում են, որոշում չեն կայացնում: Նախկին իշխանությունը գնացել է ընդդիմություն, բայց նույնպես մնացել է ճանապարհի կեսին, որովհետև անընդհատ ուզում է ապացուցել, որ իր ժամանակ այդքան էլ վատ չէր, կամ լավ էր, կարևոր չէ: Այս խաչմերուկում, որտեղ հանդիպել են նախկին իշխանությունը և նախկին ընդդիմությունը, տեղերով փոխվել են, բայց չեն հասել տեղ: Հայաստանի Հանրապետությունը մնացել է անտեր՝ իր խնդիրներով»:

Լուծում պահանջող խնդիրների շարքում Մինասյանն անդրադարձավ փոքր, բայց կարևոր մի խնդրի՝ աղբահանությանը. «Նախկիններն ասում են՝ մեր ժամանակ ինչի այսպես կեղտո՞տ էր Երևանը: Նորերն ասում են՝ որովհետև «ՍանիՏեքը» չի հավաքում, քանի որ նախկինները, կոռուպցիոն համակարգը, և այլն: Բոլորը խոսում են աղբի մասին, իսկ աղբը կա: Երևանն անտեր է»:

Միքայել Մինասյանի գնահատմամբ՝ այս իշխանությունը հնի շարունակությունն է և անցած 1.5 տարվա ընթացքում ոչինչ չի փոխել:

«Օդում կար հեղափոխություն սպասում, դա տրանսֆորմացվեց հրաշքի սպասման, որն այսօր տրանսֆորմացվում է աղետի սպասման: Մենք բոլորս հասկանում ենք, որ գալիս է աղետը: Ամեն ինչ տանում է դեպի դրան: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ հպարտներին և ոչ այդքան, լավ ապրողներին և ոչ այդքան, շատ վատ ապրողներին և ոչ այդքան, սահմանի զինվորներին և բանակից փախածներին, բոլորին միավորում է աղետի սպասման այդ տագնապը: Մենք բոլորս հասկանում ենք, որ այս ամենն ավարտվելու է շատ վատ՝ ինչպես, ես չգիտեմ: Բայց մի բան փաստ է. ոչ ոք չի ստանձնում պատասխանատվություն՝ կանգնեցնելու այս ամենը: Արագություններն ավելանում են, բացասական էներգիան ավելանում է, ամեն ինչ ավելանում է, բայց ոչինչ չի կատարվում: Այս իշխանությունը հին է, այս իշխանությունը հնի շարունակությունն է: Այս իշխանությունը ոչնչով չի տարբերվում այն հնից, որի դեմ պայքարել է, որովհետև այս իշխանությունը ոչինչ չփոխեց, այս իշխանությունը փոխեց հնի երեսը: Սա՞ էր հեղափոխությունը, հնի վերադարձ չկա»:

Միքայել Մինասյանի կարծիքով՝ այս իշխանությունն ուներ, բայց արդեն չունի բոլոր հնարավորությունները խրամատից դուրս գալու: Մինչդեռ, ըստ նրա, իշխանությունն ընտրեց խրամատները խորացնելու ռազմավարություն՝ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև Հայաստանից դուրս:

«Մենք ունենք իշխանություն, որը կուրորեն հավատում է, որ չպայմանավորվելը հիմնական կրեդոն է: Մենք ունենք իշխանություն, որը սեփական անկանխատեսելիությունից ուրախանում է: Մենք ունենք իշխանություն, որը ոչ միայն անկանխատեսելի է սեփական քաղաքացիների կամ գործընկերների համար, իրենք իրենց համար էլ են անկանխատեսելի: Իրենք չգիտեն՝ որից հետո ինչ անեն: Իշխանությունը չունի աշխատելու նպատակ. իշխանությունն ունի նպատակ կռվելու: Եվ դա անում է:

Չես կարող խրամատում աշխատել, դժվար է մտածել տնտեսական հեղափոխության մասին: Խրամատում կրակում են, կամ թաքնվում են: Խրամատում չես կարող «երազանքի թիմ» հրավիրել: Կարող ես «երազանքի գունդ» սարքել: Նույնիսկ փորձ չի արվում դուրս գալ խրամատից, ավելին՝ խրամատում լինելը ներկայացվում է՝ որպես քաղաքական և պատմական առաքելություն: Ո՞ւմ դեմ եք կռվում, հնի՞, դուք եք հինը: Այնքան հին եք, որ նույնիսկ չեք պատկերացնում: Գոռալով, բոռալով չէ, 1.5 տարի է անցել, և կատարվել է ոչինչ:

Հայաստանի Հանրապետությունում կա մի խրամատ, և այն Հայաստանի ու Ադրբեջանի միջև է: Ուրիշ խրամատ մենք չունենք: Ես ամեն ինչ անելու եմ, որ այդ խրամատը լինի պինդ: Մենք բոլորս ենք անելու ամեն ինչ, որ այդ խրամատը լինի պինդ: Մենք բոլորս պատրաստ ենք նաև այդ խրամատից դուրս գալու, մենք ուրիշ խրամատ չունենք: Իսկ այսօր մենք ունենք խրամատապատ երկիր: Հայ-ռուսական հարաբերություններում՝ խրամատ, հայ-իրանական հարաբերություններում՝ խրամատ: Ամեն վայրկյան կա այդ խրամատի հայտնվելու վտանգը: Հայաստան-Սփյուռք, խնդրեմ, իշխանություն-Դաշնակցություն՝ ինչքան ուզեք, իշխանություն-ՀՀԿ՝ չասեմ, այդտեղ խրամատ չէ, այդտեղ փոս է: Խրամատներ, հներ, նորեր, սևեր, սպիտակներ: Ե՞վ, ինչ-որ մեկը դրանից ավելի լա՞վ է ապրել»,- ասաց Մինասյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ