News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավարտվել են 10 տարի առաջ սկսված վեհարանի հիմնանորոգման աշխատանքները, այսօր տեղի ունեցավ հիմնանորոգված վեհարանի բացումը (ֆոտոռեպորտաժ

Գրեթե մեկ դար առաջ կառուցված վեհարանն ամբողջությամբ հիմնանորոգվել է գործարար Սամվել Կարապետյանի եւ նրա ընտանիքի միջոցներով։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր եւ ամբողջ հայության անունից շնորհակալություն հայտնեց Կարապետյանների ընտանիքին. «Մենք փառք եւ գոհություն ենք տալիս, որ շնորհիվ ազգային մեծ բարերարի՝ Տեր եւ Տիկին Կարապետյանների, հնարավորություն ունեցանք վերանորոգված տեսնելու այս պատմական շինությունը, ինչպես նաեւ ունենալ մատուռ վեհարանի համալիրում»։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուրն ազատ ելումուտ կարող է անել այնտեղ. «Վեհարանի դռները միշտ բաց են ազգի զավակների առջեւ եւ ամեն մարդ ազատ ելումուտ ունի վեհարան եւ հայոց հայրապետի մոտ, եւ այդ առաքելությունն անբաժան մասն է մեր սուրբ եկեղեցու։ Վեհարանը ժողովրդինն է»։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ Եպիսկոպոս Բաբայանը եւ Թանգարանների եւ արխիվի տնօրեն Ասողիկ Աբեղա Կարապետյանը լրագրողներին ներկայացրին վեհարանի սրահները։ Սկսված նախասրահից՝ պատերին փակցված են արժեքավոր պատկերներ։ Ոսկեդարյան թանգարանում զետեղված է բարերար Սամվել Կարապետյանի եւ նրա տիկնոջ դիմանկարը, որի հեղինակը Միքայել Հարությունյանն է, որը վրձնել է հայոց հայրապետերի դիմապատկերները։

Մեծ գահասրահում, որտեղ գտնվում է հայոց եկեղեցու առաքելական գահը, զարդարված են դեռեւս Վազգեն Վեհափառի օրոք ստեղծված 2 գոբելեններով՝«Հայոց այբուբեն» եւ «Վարդանանք», որոնց հեղինակը Գրիգոր Խանջյանն է։

Բացի վեհարանի հիմնանորոգումից՝ կից կառուցվել է նաեւ հանդիսությունների նոր սրահ, որը 650 եւ ավելի մարդ կարող է հյուրընկալել, ինչպես նաև 2 շինությունների կենտրոնում Սրբոց հայրապետաց մատուռը։

Մուշեղ Եպիսկոպոս Բաբայանի խոսքով՝ այդ սրահում լինելը հաճելի է թե աչքին, թե ականջին. «Գեղեցկությունից զատ, այն կահավորված է նաեւ տեխնիկական այնպիսի հնարավորություններով, որ կարելի է սիմֆոնիկ նվագախմբի համերգներ կազմակերպել։

Ասողիկ Աբեղա Կարապետյանը եւս շնորհակալություն հայտնեց բարերաներին՝ նշելով, որ նման գործ կատարողների անունները հավերժ մնում են պատմության մեջ։

«Ինչպես արձանագրության մեջ վեհափառը նշեց՝ «Երանի նրան, ով հիշատակ ունի Սուրբ Էջմիածնում», որովհետեւ Էջմիածնում հիշատակ ունենալը նշանակում է հիշատակ ունենալ ամբողջ հայոց կյանքում։ Ես որպես եկեղեցական չեմ վարանի ասել, որ Էջմիածնում հիշատակ ունենալը նշանակում է հիշատակ ունենալ երկնքում, քանի որ Էջմիածնի ճարտարապետն ինքն Աստված է»,– ասաց Ասողիկ Աբեղա Կարապետյանը։

Վեհարանի հիմնանորոգման ճարտարապետն Աշոտ Արշակյանն է, իսկ նոր կառուցված հանդիսությունների սրահինը եւ Սրբոց հայրապետաց մատուռինը՝ ակադեմիկոս–ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը։

Վեհարանի հիմնանորոգման, հանդիսությունների նոր սրահի եւ Սրբոց հայրապետաց մատուռի կառուցման համար Սամվել Կարապետյանի ընտանիքը նվիրաբերել է 30 միլիոն դոլար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ