Ցանկացած իրավական կամ սահմանադրական բարեփոխում, որ նախաձեռնվում է, դա ունենում է երկու նպատակ՝ պետական կառույցի կատարելագործում եւ իշխանության գործունեության հարմարավետության ապահովում. այս դեպքում գործ ունենք երկրորդ տարբերակի հետ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, «ՀՀ դատաիրավական բարեփոխումների հիմնական ուղղությունները» խորագրով խորհրդաժողովի ժամանակ նշեց ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Վարդան Այվազյանը:

Նրա խոսքով, հակակոռուպցիոն մարմին ստեղծելով կամ չստեղծելով չի լուծվում մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրը. «Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսվի համալիր գործողություններով, կոռուպցիան արմատախիլ անելով որպես ձեւավորված մշակույթ: Երկրորդ, եթե մինչեւ հեղափոխությունը կոռուպցիայի դեմ պայքարը դիտվում էր որպես ընդդիմության գոյության միակ պայմանը: Մի կողմից ընդդիմությունը պայքարում էր կռուպցիայի դեմ, մյուս կողմից շահագրգռված էր, որ կոռուպցիան գոյություն ունենա, որպեսզի ինքը եւս գոյություն ունենա: Իսկ այսօր կոռուպցիայի դեմ պայքարում է իշխանությունը եւ բովանդակային առումով կարծես թե կոռուպցիայի պահպանումը իշխանության գոյության պայմաններից մեկն է: Որովհետեւ եթե կոռուպցիան վերանա, իշխանությունը կարծես այլ խնդիրներ չի լուծում: Տնտեսական, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում արձանագրված անհաջողությունները սվաղվում են կոռուպցիայի դեմ պայքարի առաջնահերթությամբ»,-ընդգծեց Վարդան Այվազյանը:

Նա տեղեկացրեց, որ իր համախոհների հետ ձեւավորել են «Հայոց արարման հավաք» ՀԿ-ն, որը սկսելու է նախաձեռնել Սահմանադրությամբ վերապահված այն իրավունքը, որ 200 հազար ստորագրահավաքով ներկայացնելու է Սահմանադրական փոփոխությունների այլընտրանքային նախագիծ. «Այն հնարավորություն կտա ցույց տալ գործող իշխանության ներկայացվելիք նախագծի թերությունները եւ դրանց լուծման ճիշտ ուղիները»,-ամփոփեց նա: