News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտաս վարդապետի ծննդյան օրը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, մեկնարկել է Վարդապետի 150-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելեց Կոմիտասի թանգարան, որտեղ հնչեցրեց թանգարանի զանգը` ազդարարելով հոբելյանական միջոցառումների մեկնարկը:

Արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ազգային բարերար Գաբրիել Չեմբերջյան, մշակույթի գործիչներ եւ այլ մտավորականներ:  Թանգարանի ցուցասրահներով շրջելուց հետո դահլիճում ներկաներին ողջունեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, ապա պաշտոնապես ներկայացվեց Կենտրոնական բանկի կողմից Վարդապետի 150-ամյակի առիթով թողարկված արծաթե հուշադրամը:

Հյուրերը հնարավորություն ունեցան նաեւ ունկնդրելու ՀՀ ժողովրդական արտիստ դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի կոմիտասյան կատարումները:

Արարողության ընթացքում կոմիտասյան երգերով հանդես եկավ «Գեղարդ» երգչախումբը, ինչպես նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի երգչախումբը:

Այնուհետեւ Ամենայն Հայոց Հայրապետը եկեղեցականների եւ հրավիրյալների ուղեկցությամբ այցելեց Կոմիտաս վարդապետի շիրիմին, որտեղ կատարվեց հոգեհանգստի կարգ: Կոմիտաս վարդապետի հոգու խաղաղության համար կատարված աղոթքից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց ներկաներին Վարդապետի ծննդյան 150-ամյակի առիթով:

Ստորեւ ներկայացնում ենք Գարեգին Բ-ի խոսքը Կոմիտաս Վարդապետի շիրիմին.

«Սիրելինե՛ր,

Գոհություն եւ փառք ենք մատուցում Ամենակարող Աստծուն, որ Նրա բարերար կամքով այսօր, Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանի շրջանակներում,  առիթն ունենք ոգեկոչելու հայ երգարվեստի մեծագույն նվիրյալի հիշատակը։ Նրա ամբողջ ներաշխարհը, հոգեւոր ու մտավոր նրա ողջ էությունը, նրա կյանքն ու գործը կատարելապես արտահայտվում է սաղմոսերգուի փառաբանական խոսքերի մեջ՝ «Իմ սիրտը պատրաստ է, Աստվա՛ծ իմ, օրհներգելու եւ սաղմոս ասելու քեզ իմ ողջ էությամբ»։

Կոմիտաս վարդապետն արդեն շուրջ մեկ դար իր հայրենաբույր եւ սրբազան երգով հատել է ժամանակի եւ տարածության սահմանները՝ հայկական ինքնության արմատներից սնվող ու արդյունավորվող ստեղծագործությամբ դառնալով զրուցակիցը հայ եւ այլազգի երաժշտասեր յուրաքանչյուր  անձի հոգու ապրումներին։ Քրիստոսասեր մեր ժողովրդի սրտից ու հոգուց բխած երգի մեջ էր նա տեսնում մեր դարավոր ինքնությունը, այդտեղ, նրա իսկ խոսքերով՝ «որպէս զշող ցոլայ բնատուր հանճար Հայաստան ազգին»։

Կոմիտասը, Աստծո, Եկեղեցու եւ Հայրենիքի հանդեպ իր անսասան հավատով մաքրեց ու հայացրեց մեր երգը, ստեղծեց այն հոգեւոր պարարտ անդաստանը, որտեղ հայն այլեւս հավիտենապես ճանաչում է իր հոգեւոր «ես»-ը, առերեսվում դարերի խորքից հնչող հայրապետների ու վարդապետների նվիրական աղոթքին, հայրենաշունչ եւ խրոխտ նախնյաց զգացումներին, շինականի անկեղծ ու ստեղծագործ հորովելին: Կոմիտաս վարդապետը հավիտենության մեջ դրեց մեր երգը՝ ցեղասպանության սարսափի մեջ անգամ դառնալով հայ ժողովրդի անկորնչելի դարավոր հույսը եւ հոգու զրույցն Աստծո հետ։

Մեծ վարդապետի ծննդյան հոբելյանական այս տարում նա հառնում է ամենքիս առաջ՝ իբրեւ Աստծուն ուղղված ողջ հայության հառաչանքի ու հույսի, անկեղծ աղոթքի ու նորոգության խորհրդանիշ։ Այս է գաղտնիքը նրա ստեղծագործությունների համամարդկային ու համահայկական հաղորդականության, որոնք իրենց բովանդակությամբ պարզ են, բայց եւ հանճարեղ եւ որոնք մեր ժողովրդին բերում են պատգամը ապրելու հոգեւոր-մշակութային արժեքներին հավատարիմ կյանքով։  Կոմիտասը մեզ տալիս է լուսո մեր իսկ ջահը՝ մարդկային ոգու մարտահրավերների այս դարաշրջանում լուսավորելու մեր ուղին, հնագույն մեր արժեքների շուրջ համախմբելու ամենքիս՝ իբրեւ ազգ, իբրեւ նկարագիր ու տեսլական ունեցող ժողովուրդ։

Կոմիտասի սիրտն ամեն վայրկյան բաբախում էր՝ Աստծուն եւ իր հայրենիքին ծառայելու եւ փառաբանելու մղումով։ Նրա շիրմի առաջ խոնարհված՝ ուսանենք աստվածսիրության ու հայրենասիրության այս մեծ օրինակը, որն անվախճան է ու անանց՝ հոգեւոր-ազգային իր լայն ընդգրկումով եւ նվիրականությամբ։

Այս մաղթանքով Մեր հայցն ենք բարձրացնում առ Աստված, որ երկնային օթեւաններում հավետ երանություն եւ խաղաղություն պարգեւի երանաշնորհ Կոմիտաս վարդապետի լույս հոգուն:

Մշտահունչ աղոթք եւ օրհնություն Կոմիտաս վարդապետի անմահ ու մշտավառ հիշատակին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան
Քիչ է ասելը՝ «Ես մեր եկեղեցու կողքին եմ»։ Անգամ քիչ է գործեր կատարելը՝ ի պաշտպանություն մեր եկեղեցու։ Նախ, պետք է հասկանալ  իրավիճակը...
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ
Նույն գյուղի բնակիչների ջանքերով է կառուցվելու եկեղեցին, շուտով Մասիսի Դարբնիկ և Նոր Կյուրին բնակավայրերում ավարտին կհասցվի տասնյակ տարիներով…
Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Ամենաշատ