News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում անհանդուրժողականությունը սպառնալից չափերի է հասել։ Այս մասին հոկտեմբերի 5-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նրա խոսքերով, պատիվն ու արժանապատվությունը վիրավորող արտահայտությունները վտանգավոր են նաեւ այն պատճառով, որ կարող են բռնության հանգեցնել։

«Անհանդուրժողականության մակարդակը բավական բարձր է, հատկապես՝ սոցիալական ցանցերում։ Մարդիկ հենց այնտեղ են առավել ագրեսիվ։ Կա եւս մեկ խնդիր՝ սոցիալական ցանցերի «ֆեյքային» օգտատերերը, որոնց միջոցով տարածվում է անհանդուրժողականությունն ու վիրավորանքները։ Այս ամենը չի նպաստում հանդուժողական մթնոլորտի ձեւավորմանը եւ փոխադարձ հարգանքին, սպառնում է այլախոհությանը»,- նշեց նա։

Թաթոյանն ընդգծեց, որ հետազոտությունները ցույց են տալիս, թե մարդիկ հաճախ խուսափում են արտահայտել իրենց մտքերը, որպեսզի թիրախ չդառնան։

«Այս ամենը նաեւ բարդացնում է լրագրողների աշխատանքը։ Կան դեպքեր, երբ լրագրողը նույնականացվում է այն մարդու հետ, որից հարցազրույց է վերցրել, եւ թիրախ է դառնում։ Այս ամենն անթույլատրելի է։ Նման երեւույթների դեմ կանխարգելիչ միջոցների եւ պայքարի ձեւերը պետք է արդյունավետ լինեն։ Հասարակական գործիչների վարքագիծն ու արտահայտությունները պետք է նպաստեն հանդուրժողականության ձեւավորմանը։ Ես իմ կողմից փորձում եմ ամեն ինչ անել դրա համար»,- հավելել է օմբուդսմենը։

Նա պարզաբանել է, թե վտանգավոր է նաեւ այն, որ թիրախ է դառնում մարդու անձնական կյանքը։

«Սրա հետ կապված՝ մեր գրասենյակը տարածել է հայտարարություն։ Բացի այդ, խորհրդարանից որոշ գործընկերների հետ կան որոշակի քայլեր մշակելու պայմանավորվածություններ։ Առաջիկայում կանցկացվեն քննարկումներ, որպեսզի կարելի լինի ձեռնարկել համընդգրկուն միջոցներ։ Աշխատանք է տարվում նաեւ ԶԼՄ-ների հետ։ Մենք նրանց խնդրում ենք հեռացնել այն մեկնաբանությունները, որոնցում ատելության տարրեր կան»,- ընդգծեց Թաթոյանը՝ հավելելով, որ պետական մարմինները պատասխանատվություն են կրում հանդուժողականության ապահովման համար։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին 4 երիտասարդներ ձվեր են նետել «Հայելու» խմբագրության վրա։ Իր հերթին, նրանցից Դավիթ Հովհաննիսյան ներկայացած անձը հայտարարել է, որ պահանջում է փակել այդ ԶԼՄ-ն։ Նրանց խոսքով` նման ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ