News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՝ դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ այսօր՝ հոկտեմբերի 8–ին շարունակվեց ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։ Այսօրվա նիստում ցուցմունք տվեց գործով վկա, Քննչական կոմիտեի Թումանյանի բաժնի ավագ քննիչ Դավիթ Խաչատրյանը։ Վերջինս հայտնեց, որ գործով ամբաստանյալներից ճանաչում է ավագ քննիչ Արայիկ Ներսիսյանին, որն իր ընկերն է և Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանին, որի հետ գործնական հարաբերություններ է ունեցել։

Վկան հայտնեց, որ Արայիկ Ներսիսյանի մասին միշտ լավն է լսել, իսկ  մասնագիտական որակներով՝ իրենից բարձր մակարդակում գտնվող քննիչ է եղել։

Վկան հայտարարեց, որ գործի վերաբերյալ շատ բան չի հիշում, քանի որ դեպքից մի քանի տարի է անցել. այնուամենայնիվ, պատասխանելով կողմերի հարցերին՝ վկան որոշակի տվյալներ ներկայացրեց։

Խաչատրյանը հայտնեց, որ ինքը եղել է Կամո Փիրուզյանի սպանության գործով քննչական խմբի անդամ, սակայն այդ գործով շատ քննչական գործողություններ չի հասցրել կատարել, ընդամենը հարցաքննել է երկու վկայի՝  դեպքի վայրին մոտ գտնվող տարածքում աշխատող ծաղկավաճառին և մսավաճառին։ Այնուհետև ըստ վկայի՝ գործը տեղափոխվել է Լոռու մարզի քննչական վարչություն։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանի հարցին, թե դեպքի վայրից առարկաներ առգրավվե՞լ են, վկան պատասխանեց, որ չի հիշում, ապա մտաբերեց, որ դեպքի վայրից ապակի են առգրավել և քննչական խմբի ղեկավարին տեղեկացրել, թե որտեղ է գտնվում այն։

Վկան միաժամանակ հայտնեց, որ  տեղյակ չէ՝ փորձագետը եկել է ապակին ուսումնասիրելու՞, թե՝ ոչ։

Լուսինե Սահակյանի հարցին, թե սպանության գործով վկաներին, մասնավորապես սպանության ականատեսին ինչու՞ են հարցաքննել դեպքից մեկ ամիս անց, քննիչը պատասխանեց՝ աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով։

«Ես ոստիկանության պետին բանավոր խնդրել եմ՝ ճշտել, թե ովքե՞ր են դեպքի պահին գտնվել տարածքում, բացի այդ, հաշվի առնելով, որ ես էլ եմ ունեցել ծանր գործեր, միանգամից չեմ հարցաքննել»,–հայտարարեց նա՝ հավելելով, որ չի հիշում, թե ինչ հարցեր է ուղղել վկաներին։

Դավիթ Խաչատրյանը հայտնեց, որ դեպքի մասին տեղեկացել է համացանցում տեղ գտած հրապարակումներից, իսկ ինքն անձամբ դեպքի վայրում չի եղել։ Նա նշեց, որ չի հիշում, ինքը զննել է Փիրուզյանի դիակը, թե՞ ոչ, ինչպես նաև տեղյակ չէ, թե երբ է Թաթուլ Շուշանյանը եկել դեպքի վայր։ Հաշվի առնելով, որ առկա են որոշակի հակասություններ վկայի՝ դատարանում և նախաքննության ընթացքում տված ցուցմունքների միջև, դատարանը հատվածներ հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքներից։

Մասնավորապես իր նախաքննական ցուցմունքում վկան հայտնել էր, որ Արայիկ Ներսիսյանին գնահատում է բացասական, քանի որ «ինչ լինում է,  նա գնում, պետին ասում է»։ Այս կապակցությամբ վկան հայտարարեց, որ քննիչը սխալ է հասկացել իր ասածները. «Ես ասել եմ՝ լավ եմ բնութագրում, ինքը գրել է՝ վատ, ինչու՞ ես պետք է իմ ընկերոջը վատ բնութագրեի»,–ասաց նա։

Վկան նախաքննության ընթացքում հայտարարել է, որ առաջին հերթին կատարել է դիակի զննություն։

Իսկ ինչ վերաբերվում է դեպքի վայրից կատարված առգրավումներին, Խաչատրյանը հայտնել է, որ Արայիկ Ներսիսյանը հանձնարարել է առգրավել ծաղկի խանութի կոտրված ապակին, որը բերել է քննչական բաժին, որտեղ փորձագետն  ուսումնասիրել է ապակին։

Անդրադառնալով Լոռու մարզի քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանի կողմից սպանության գործով ինչ–որ անձանց գործողություններ թաքցնելուն, վկան հայտնել է, որ Շուշանյանի կողմից որևէ անձնական շահագրգռվածություն չի նկատել, ինչպես նաև տեղյակ չի եղել քննիչների կողմից ապօրինություններ կատարելու դեպքի մասին։

Հիշեցնենք, որ  2017 թվականի հունիսի 13-ին Ալավերդի քաղաքում սպանվել է Կամո Փիրուզյանը, ում սպանությունը կատարելու համար կալանավորվել է Վլադիմիր Դավթյանը։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Վլադիմիր Դավթյանը հանդիսանում է քրեական հեղինակություն համարվող Ալավերդցի Վահագնի՝ Վահագն Աբգարյանի կողմից ստեղծված և ղեկավարվող հանցավոր համագործակցության անդամ և Կամո Փիրուզյանի սպանությունը կատարել է վերջինիս պատվերով:  Սպանության գործի քննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Վահագն Աբգարյանը Լոռու մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ Կամո Փիրուզյանի սպանության գործով իր և իր ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու կամ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու համար:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ քննվող քրեական գործի շրջանակներում ամբաստանյալի աթոռին է երեք անձ՝  Թաթուլ Շուշանյանը, Արայիկ Ներսիսյանն ու  Արտակ Հովհաննիսյանը:

Թաթուլ Շուշանյանը մեղադրվում է Վահագն Աբգարյանից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, ինչպես նաև՝ իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Շուշանյանի հետ ամբաստանյալի աթոռին են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արայիկ Ներսիսյանը և ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով նախկին  ավագ քննիչ Արտակ Հովհաննիսյանը. երկուսն էլ մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, իսկ Հովհաննիսյանը նաև՝ խոշոր չափի կաշառք ստանալու համար: Գործով երեք ամբաստսնյալներն էլ ներկայումս գտնվում են ազատության մեջ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Ամենաշատ