News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Արցախի միջազգային ճանաչումը կնպաստի Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությանն ու խաղաղության ամրապնդմանը: Այս մասին Ստեփանակերտում անցկացվող «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» համաժողովի ժամանակ հայտարարել է Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը:

Նախարարը համաժողովի մասնակիցներին ծանոթացրել է Արցախի պատմությանն ու նշել, որ մինչ իր ելույթը ներկայացված ֆիլմը կօգնի պատասխանել բազմաթիվ հարցերի: Նա նշել է, որ ինքնորոշման մասին որոշումն ընդունվել է միջազգային եւ հայրենական օրենսդրությանը համապատասխան, եւ պատասխան է դարձել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների մշտական խախտմանը, զանգվածային էթնիկ զտումներին, երկխոսության հրաժարումից եւ ուժի կիրառմամբ լուծումներից: Մայիլյանը հիշեցրել է, որ այդ պայմաններում պետության ստեղծումն ամենաօպտիմալ միջոցն էր:

Նրա խոսքով՝ 1994-ին հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումը հույս ներշնչեց, որ ճանապարհ կբացվի միջազգային ճանաչման եւ կարգավորման համար, սակայն խաղաղ գործընթացը բախվեց խոչընդոտների՝ հարցը խաղաղ ճանապարհով լուծելուց Ադրբեջանի հրաժարումի տեսքով: Խոչընդոտելով լիարժեք ձեւաչափի վերականգնմանն ու հրաժարվելով վստահության ոլորտի ստեղծման հարցով միջոցներից, շարունակելով սպառազինությունների մրցավազքը, սպառնալով նոր պատերազմով եւ խեղաթյուրելով հակամարտության էությունը՝ Ադրբեջանը խոչընդոտում է միջնորդների ջանքերին: Ավելին, մեկուսացման եւ ատելության քարոզման քաղաքականություն է վարում, խորացնում անդունդն ու ձգձգում որոշման հնարավորությունը՝ նշեց նախարարը: Մայիլյանը հայտարարել է, որ Բաքուն փոխզիջման ու մոտեցումները վերանայելու որեւէ նշան չի ցուցաբերում:

Նախարարը հայտնել է նաեւ, որ Ադրբեջանի գործողություններին ի պատասխան՝ Արցախի իշխանությունները շարունակում են միջազգային համագործակցության հարթման ջանքերը: 2012-ից մի շարք փաստաթղթեր են ընդունվել, Ավստրալիայի եւ ԱՄՆ-ի նահանգները ճանաչել են Արցախի անկախությունը, բարեկամության մասին համաձայնագիր է կնքվել ավելի քան 20 քաղաքների հետ: Քույր քաղաքների օգնությամբ տարբեր ծրագրեր են իրականացվել: Մասնավորապես, ֆրանսիական քաղաքների աջակցությամբ Արցախում շարունակվում է ֆրանկոֆոնիայի շենքի կառուցումը: 

Նախարարն ընդգծել է, որ Արցախի ճանաչումը չի խոչընդոտում միջնորդների ջանքերին եւ լիովին համապատասխանում է բանակցությունների ոգուն: Միջնորդները նշել են, որ կարգավիճակի հարցը պետք է լուծի բնակչությունը, իսկ միջազգային ճանաչումը կօգնի վերջնական կարգավորմանը: «Արցախը տարածաշրջանում խաղաղության իր քաղաքականությամբ ցույց է տվել, որ կարեւոր դերակատարում ունի խաղաղության ճարտարապետության մեջ: Ճանաչումը թույլ կտա կիրառել փափուկ ուժ եւ կարեւոր է մարդու իրավունքների տեսակետից: Մարդու իրավունքները չեն կարող ոտնահարվել, իսկ իրավունքները չեն կարող սահմանափակվել միայն այն պատճառով, որ ղարաբաղցիներն ապրում են չճանաչված երկրում: Չի կարելի կարգավորման սպասմամբ սահմանափակել պետական ինստիտուտների զարգացումը»,- շեշտել է նախարարը:

Նրա խոսքով՝ Արցախի պետական ինստիտուտները հաղթահարել են ժամանակի փորձությունը եւ ապացուցել կենսունակությունը: Պատերազմի պայմաններում արցախցիներին հաջողվել է տնտեսությունը վերականգնել զրոյից, ստեղծել եւ ամրապնդել պետական ինստիտուտները, ջանքեր ձեռնարկել բարձր մակարդակով ընտրական գործընթացներ անցկացնելու, խոսքի ազատությունն ապահովելու համար: Ավելին՝ Արցախի ԱԳՆ-ն նախաձեռնել է ներկայացնել միջազգային համաձայնագրերի կատարման մասին ազգային հաշվետվություններ եւ ՄԱԿ-ում արդեն առաջին անգամ տարածել է քաղաքացիական իրավունքների կատարման մասին հաշվետվությունը: Արցախը միացել է ՄԱԿ կայուն զարգացման նախաձեռնությանը, որի շրջանակում Արցախում ստեղծվել է կայուն զարգացման ազգային խորհուրդ: «Արցախը մեծ թվով փորձությունների միջով է անցել, սակայն իր նպատակներին հավատարիմ է մնացել»,- շեշտել է Մասիս Մայիլյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ