News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը ներկա է գտնվել «Դասավանդում հանուն հաջողության» անգլերենի ուսուցիչների եւ դասավանդողների մասնագիտական համաժողովին, որը կազմակերպվել է  Բրիտանական խորհրդի կողմից` ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Երկօրյա համաժողովին մասնակցում են շուրջ 900 անգլերենի ուսուցիչներ եւ դասավանդողներ`ՀՀ տարբեր մարզերից եւ մայրաքաղաքից, ինչպես նաեւ  Վրաստանից եւ Իրանից:

Միջոցառմանը ներկա են եղել նաեւ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանն ու Բրիտանական դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էլիսոն Չիքը։ 

Ողջունելով մասնակիցներին` նախարարի տեղակալ Ա. Անափիոսյանն արձանագրել է, որ Բրիտանական խորհրդի հետ գործընկերությունը հաջողությամբ շարունակվում է։ Նա հատկապես կարեւորել է հեռավոր համայնքների ուսուցիչների հետ տարվող աշխատանքը,  նրանց մասնագիտական զարգացման հնարավորությունների ընդլայնումը:

«Համաժողովը Հայաստանում եւ Հայաստանից դուրս գործող մասնագետների միջեւ փորձի փոխանակման լավ հնարավորություն է եւ լիովին համապատասխանում է պետության կողմից կրթության ոլորտում նախաձեռնված բարեփոխումների հիմնական ուղղվածությանը: Մեզ համար կարեւոր է, որպեսզի բարեփոխումների արդյունքը տեսանելի լինի հատկապես դպրոցներում եւ մեր ապագա քաղաքացիների կյանքում», - դիմելով մասնակիցներին`նշել է  Արեւիկ Անափիոսյանը։ 

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի  տնօրեն Արեւիկ Սարիբեկյանն, իր հերթին, նշել է, որ անգլերենի ուսուցիչների վերապատրաստումն ու դասավանդման հմտությունների զարգացումն իրենց գործունեության առաջնային ուղղություններից է։ «Վերջին հինգ տարիների ընթացքում Բրիտանական խորհուրդը կազմակերպել է բազմաթիվ կոնֆերանսներ, որոնց ընթացքում Մեծ Բրիտանիայից հրավիրված մասնագետներն իրենց փորձն ու դասավանդման ժամանակակից մեթոդաբանությունն են  փոխանցել հայ ուսուցիչներին։ Այս տարի ձեւաչափը մի փոքր այլ է. առաջին անգամ տեղացի ուսուցիչներին եւս հնարավորություն ենք ընձեռել գործընկերների հետ կիսվել լավագույն փորձով»,- նշել է նա։

Համաժողովի շրջանակում մասնակիցների համար վարպետության դասեր կվարեն արտերկրից հրավիված փորձագետներ` անգլերենի դասավանդման մեթոդաբանական մի շարք ռեսուսրների հեղինակ Ստեֆան Հինլաֆը եւ Բրիտանական խորհրդի Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի անգլերենի ծրագրերի ղեկավարը Սայմոն Էթերտոնը:

Տպել
Ամենաշատ