News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հրայր Թովմասյանի արդարադատության նախարար լինելու ողջ ընթացքում քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը ոչ մի հավելյալ երկարատեւ կամ կարճատեւ տեսակցություն չի ստացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, ինչպես ինքն է նշել՝ լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան։

«Այդ շրջանի մամուլին հետեւողները կարող են տեսնել, որ ընդհակառակը՝ Թովմասյանի նախարարության շրջանում քաղբանտարկյալ Փաշինյանը ապօրինի կերպով զրկված է եղել նամակագրության իրավունքից:

Նրա մոտից ապօրինի կերպով առգրավվել են անգամ թուղթ ու գրիչը: Այլ մանրամասներ ներկայացնելու անհրաժեշտություն այս պահին չեմ տեսնում:

Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանին «Մայր Թերեզա» ներկայացնելու ոմանց փորձերը արժանի են մարդկային կարեկցանքի»,- ասված է նրա գրառման մեջ:

Նշենք, որ ավելի վաղ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Հրայր Թովմասյանը, երբ Արդարադատության նախարար էր, արտահերթ երակարաժամկետ հանդիպման թույլտվություն էր տվել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին, մինչդեռ այսօր նրա դուստրերը կանչվել են ԱԱԾ։

«Հրայրի աղջիկների՝ ԱԱԾ մտնելու էսօրվա մղձավանջն եմ նայում։ Էդ տեսարանը մտքերով ինձ տարավ 2017թ. մի ուշ երեկո, երբ Ազգային ժողովի սենյակներից մեկում խոսում էինք՝ ես ու Հրայրը, խոսում էինք մարդու ու քաղաքականության մասին։ Ու Հրայրը էդ երեկո ինձ մի բան պատմեց, որ, երևի, էսօր ամենալավ առիթն է, որ ես այն վերապատմեմ։ Վերապատմեմ հանուն վաղվա։

Հրայրը, ինքն իր արածից գոհ մարդու պայծառ աչքերով, ինձ երկար պատմում էր, թե ինչպես հեռավոր 2011 թվականին, երբ ինքը Արդարադատության նախարարն էր, տեղեկանում է այն մասին, որ «Կոշ» թե «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Նիկոլ Փաշինյանի միջնեկ դուստրը ընկել կոտրել է ձեռքը։ Պատմում էր, որ իմանալուց հետո, որպես Արդարադատության նախարար, իր իրավասությունների շրջանակում գտնվող քիչ գործիքներից մեկին է դիմում ու սեփական նախաձեռնությամբ երկու թե երեք անգամ արտահերթ երակարաժամկետ ընտանեկան հանդիպման թույլտվություն է տալիս Նիկոլ Փաշինյանի ընտանիքին։ Հպարտ էր իր արածով:

Հրայրը ճիշտ էր արել։ Նա վաղն էլ, վստահաբար, նույնը կանի։ Ես դա գիտեմ։ Ու էլի ճիշտ կանի։ Այդպես է մարդը հաղթում։

…Նայում եմ այս հրաշք աղջկան ուղիղ եթերում, հիշում եմ այս պատմությունն ու էլի մտածում մարդկային տեսակների մասին»,- գրել էր նա:

Տպել
Ամենաշատ